Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ուղերձների փոխանակման ընթացքում «միասնություն եւ համագործակցության» ամրապնդման կոչ է արել «թշնամական ուժերի» կողմից ստեղծվող մարտահրավերների ֆոնին:

Ցզինպինը Կիմին ուղղված իր ուղերձում երկկողմ հարաբերությունները որպես երկու երկրների համար «արժեքավոր ակտիվ» է որակել  եւ խոստացել է նպաստել խաղաղությանն ու կայունությանը Կորեական թերակղզում, հայտնում են ՑՏԱԿ-ը եւ «Սինհուա» լրատվական գործակալությունը: Նա նաեւ ընդգծել է իր պատրաստակամությունն «ավելի լավ կյանք ապահովել երկու երկրների ժողովուրդների համար»:

«Սինհուա»-ն հայտնել է, որ առաջնորդների կողմից ուղերձների փոխանակումը տեղի է ունեցել չինացի բարձրաստիճան դիվանագետ Սոնգ Տաոյի եւ Չինաստանում Հյուսիսային Կորեայի դեսպան Ռի Ռյոն Նամի հանդիպման ժամանակ:

Կիմի ուղերձում «ընդգծվել է երկու երկրների միջեւ միասնության եւ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ համակողմանի մարտահրավերներին դիմակայելու եւ թշնամական ուժերին դիմադրելու համար»: