Սաուդյան Intra Defense Technologies եւ Advanced Electronics Company ընկերությունները թուրքական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն են սկսել: Այս մասին Defense News-ի համար հոդվածում հայտնել է վերլուծաբան Բուրաք Բեքդիլը:
Բեքդիլի խոսքով՝ Սաուդյան Արաբիայի ընկերություններն արտադրում են Karayel-SU մեծ հեռահարության միջին բարձրության ինքնաթիռներ՝ թուրքական Vestel Defense ընկերության արտոնագրմամբ: Թուրքական ընկերությունը կմատակարարի հիմնական եւ կրիտիկական բաղադրիչները, իսկ AEC-ը՝ էլեկտրոնիկայի մասերը:
Թուրքական կենցաղային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկի՝ Vestel-ի մշակած Karayel-SU դրոնն առաջին անգամ հայտնվել է 2017-ին՝ Դուբայի ավիասրահում:
Անօդաչու սարքի թեւերի բացվածքը 13 մետր է եւ կարող է թռչել մինչեւ ութ ժամ՝ 120 կգ օգտակար ծանրաբեռնվածությամբ: Այն կարող է հագեցած լինել MAM-C եւ MAM-L բանական միկրոզինամթերքով, որոնք արտադրում է թուրքական Roketsan ընկերությունը:
Սաուդյան ընկերությունը նաեւ բանակցություններ է վարում պատրաստի անօդաչու թռչող սարք գնելու համար, ասել է Բեքդիլը՝ հղում անելով Vestel-ի ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ համատեղ արտադրությունը կներառի 40 անօդաչու թռչող սարքի ստեղծում՝ 2021-2025 թվականներին, թագավորությունում դրոնները կվերանվանվեն Haboob:





























