Միջուկային պաշարներն ավելացնելու Մեծ Բրիտանիայի որոշումը պայմանավորված է Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից իրենց զինանոցների արդիականացմամբ: Այս մասին Բրյուսելում դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Խնդիրն այն է, որ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը եւ Չինաստանը իրականացնում են իրենց միջուկային զինանոցային համակարգերի արդիականացումը՝ ավելի առաջադեմ զենքերով: Այդ պատճառով երեկ ես խոսեցի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ արտաքին գործերի նախարար  Ռաաբի հետ, եւ նրանք ունեն միանգամայն նույն բացատրությունը՝ Մեծ Բրիտանիայի քաղաքականության ճշգրտումը կապված է Ռուսաստանի եւ Չինաստանի կարողությունների մեծացման հետ»,- ասել է նա: