Զրպարտության դեպքում փոխհատուցման չափը չի կարող գերազանցել 6 միլիոն դրամը, իսկ վիրավորանքի համար՝ 3 միլիոն դրամը: Այդ փոփոխություններից կշահեն բոլորը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որը նախատեսում է զրպարտության եւ վիրավորանքի համար դրամային փոխհատուցման չափի բարձրացում:
Նրա խոսքով՝ տուգանքներ ու պատժամիջոցներ նախատեսված չեն, ընդամենը բարձրանում է փոխհատուցման շեմը:
Նա բացատրեց, որ շատ երկրներում բացի նրանից, որ կարող եք փոխհատուցում ստանալ, կան նաեւ տուգանքներ:
«Պետությունը միայն բարձրացնում է փոխհատուցման շեմը եւ ասում, որ եթե լրատվամիջոցները զրպարտություն են հրապարակում, եւ տնտեսվարող սուբյեկտին պայմանականորեն վնաս է հասցվում 10 միլիոն դրամի չափով, ապա հնարավոր է փոխհատուցում ստանալ ոչ թե 2 միլիոն դրամի չափով, ինչպես նախկինում էր, այլ 6 միլիոն դրամի չափով»,-հավելեց պատգամավորը:
Նշենք, որ ավելի քան 10 լրագրողական կազմակերպություններ ՀՀ նախագահին կոչ են արել չստորագրել այդ օրենքը՝ փոփոխությունը համարելով չափազանց վտանգավոր: Լրագրողական կազմակերպությունների գնահատմամբ՝ բազմաթիվ խնդիրների առկայության դեպքում նման հայցերով դատական որոշումները կարող են ճակատագրական լինել լրատվամիջոցների հետագա գործունեության համար:





























