«Հյուսիսային հոսք-2» գազատարի պատճառով ԱՄՆ-ի եւ Գերմանիայի միջեւ տարաձայնությունները ընդհանուր առմամբ չեն ազդում երկու երկրների հարաբերությունների վրա: Այս մասին Euronews-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Նրա խոսքով՝ այն փաստը, որ «մենք «Հյուսիսային հոսք-2»-ի պատճառով տարաձայնություններ ունենք, իսկ դրանք միանգամայն իրական են, չի ազդում ընդհանուր գործընկերության եւ հարաբերությունների վրա»:

Դիվանագետը միաժամանակ հիշեցրել է, որ նախագահ Ջո Բայդենը «Հյուսիսային հոսք-2»-ը վատ գաղափար եւ վատ գործարք է համարում Եվրոպայի եւ ընդհանրապես ՆԱՏՕ-ի համար:

Բլինքենի կարծիքով՝ «Հյուսիսային հոսք-2»-ը «սասանում է էներգետիկ անվտանգության եւ էներգետիկ անկախության վերաբերյալ ԵՄ հիմնական սկզբունքները»: «Սա խնդիր է Ուկրաինայի, Լեհաստանի, մյուս երկրների համար, որոնց նկատմամբ մենք անտարբեր չենք: Ուստի ես կարծում եմ, որ անչափ կարեւոր է այս մասին անկեղծորեն ու հստակ ասել իմ ընկերոջը՝ (Գերմանիայի ԱԳ նախարար) Հայկո Մաասին, որպեսզի երկիմաստություն չլինի»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: