«Ժամանակ»-ի իշխանական աղբյուրները հայտնում են, որ ՀՀԿ վերնախավը, մեղմ ասած, այնքան էլ գոհ չէ Արագածոտնի մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանի գործունեությունից: Պատճառն այն է, որ նա չի կարողանում չեզոքացնել իրենից առաջ մարզը գլխավորած ՀՅԴ ուրվականը: Բացի այդ, ընտրությունների ժամանակ չի կարողանում հանրապետականների օգտին պահանջված թվեր ապահովել: Այս ամենով հանդերձ` խոսակցություններ են պտտվում, թե մարզպետի եղբայրը առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը:
Թերթն այս առթիվ զրուցել է մարզպետի հետո, ով ասել է. «Ինձանից դժգոհելու խնդիր չկա: Արագածոտնի մարզում Հանրապետականները բավականին մեծ հեղինակություն ու կշիռ ունեն: Ավելին` իմ բոլոր հնարավորություները օգտագործելու եմ` բարձրացնելու «Հանրապետական» կուսակցության հեղինակությունը, եւ դա այդպես էլ կլինի»:
Արագածոտնի մարզում լուրեր են տարածվում, թե 2012 թ ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքում առաջադրվելու է Ձեր եղբայրը` Նաիրի Սահակյանը: Ավելին` ասում են նաեւ, որ թիվ 15 ընտրատարածքում Նաիրի Սահակյանի թեկնածությունը պաշտպանելու է «Հանրապետական» կուսակցությունը: (Ստացվում է, որ նա դեմ է դուրս գալու ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի՞ն):
Իմ եղբայրը իր թեկնածությունը չի դնելու: Իմ եղբայրը կյանքում չի դնելու իր թեկնածությունը, որովհետեւ ես «Հանրապետական» կուսակցության անդամ եմ, մարզային կուսակցության նախագահն եմ: Ոնց կորոշի երկրի նախագահը, գործընթացները կզարգանան այդ կարգով: Երկրի նախագահը`«Հանրապետական» կուսակցության նախագահը, ինչ որոշում կկայացնի, մենք պարտավոր ենք ի-րա-գոր-ծե-լու:




























