Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսի դեմ «լավագույն» պատվաստանյութի ստեղծման անհրաժեշտության մասին, հայտնում է BelTA- ն:

Ըստ նրա՝ COVID-19-ի դեմ սեփական, հայրենական արտադրության պատվաստանյութ ստանալը Բելառուսի առողջապահության նախարարության եւ Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության համար պատվի խնդիր է: «Լավագույն պատվաստանյութ ստանալ հնարավորինս սեղմ ժամկետում: Ինչո՞ւ լավագույնը. քանի որ փորձ արդեն ունենք: Եվ ռուսների, եւ եվրոպացիների, եւ չինացիների, եւ հնդիկների մոտ: Շատերն արդեն արտադրում են այդ պատվաստանյութերը: Մենք արդեն ինչ-որ բան գիտենք, զրոյից չենք անում»,- ասել է նա: «Մենք պետք է կանգնենք նրանց ուսերին, ով արդեն արել է դա եւ լավ պատվաստանյութ ստեղծենք: Եթե ​​հուսալի, բարձրորակ, 98-99 տոկոս երաշխիք լինի, դա առաջխաղացում կհամարվի: Պետք է լավին ձգտել»,- ընդգծեց Բելառուսի ղեկավարը:

Նա նշեց, որ Բելառուսում պատվաստանյութերի արտադրության համար լրացուցիչ կարողություններ են ստեղծվում, եւ հնարավոր է, որ ռուսական տեխնոլոգիայով ստեղծված այդ արտադրանքը, ի վերջո, պահանջարկ ունենա ոչ միայն Բելառուսում, այլեւ հենց Ռուսաստանում:

Նախագահը հետաքրքրվել է Բելառուսում բնակչության պատվաստումների ընթացքով՝ նշելով, որ երկրում այս առումով աժիոտաժ չկա: «Մեզ մոտ ամեն ինչ հարթ է ընթանում: Պատվաստանյութերը բավարար են: Ցանկացողներին պատվաստում ենք: Մենք ռուսական եւ չինական պատվաստանյութեր ենք տրամադրում բժիշկներին, ուսուցիչներին, առուտրի ոլորտի աշխատողներին, ովքեր անմիջական շփում ունեն մարդկանց հետո: Այլ առաջարկներ էլ կան, բայց մեզ համար դեռ բավարար է»,- ասել է նա: