Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ հրատարակչության վարչությունը հրապարակել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի` հունիսի 16-ի ճեպազրույցի սղագրությունը:

«Պատասխաններ լրատվամիջոցների հարցերին» բաժնում արծարծվել է Կազանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման թեման: Հարցը խիստ ոչ կոռեկտ է տրվել, ինչ-որ մեկը Հայաստանին ագրեսոր է անվանել, որին  Ռուսաստանը, իբր «լավ է նայում»:

Հարց. Հունիսի 24-ին Կազանում կայանալու է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: Այդ բանակցությունները նախաձեռնած Ռուսաստանը իրական առաջընթացի ակնկալիքներ ունի՞: Գործնական քայլեր ձեռնարկվելո՞ւ են, հատկապես հայկական զորքերը դուրս բերելու օկուպացված տարածքներից: Թե՞ այդ հանդիպմանը հերթական անգամ «դայակություն» է արվելու ագրեսոր եւ օկուպանտ Հայաստանի նկատմամբ: Պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը ստիպել ագրեսորին խաղաղության կամ նպաստելու դրան:

Պատասխան. Առաջին հերթին, կցանկանայի խնդրել գործընկերներին հետեւել իրենց լեքսիկոնին: Օգտագործված արտահայտությունները ոչ կոռեկտ են, իսկ հաշվի առնելով գործընթացի զգայունությունը` անթույլատրելի:

Իսկապես կան ոչ քիչ ակնկալիքներ Կազանում կայանալիք գագաթաժողովի համատեքստում: Ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում առաջիկա հանդիպմանը նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախագիծը:

Այդ փաստաթղթի ձեւակերպումները մշակվել են երեք երկրների արտգործնախարարների հանդիպումներում, որ կայացել են Մոսկվայում ապրիլին եւ հունիսին: Կայացած քննարկումների ժամանակ հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերում: Նախագահները կքննարկեն այդ մշակումները եւ համապատասխան որոշում կկայացնեն:

Տվյալ փուլում ես կսահմանափակվեմ այս մեկնաբանությամբ` հաշվի առնելով հանդիպման լուրջ պատրաստությունը: Ռուսական կողմը շահագրգիռ է առաջընթացի հասնելու եւ բանակցային գործընթացն ակտիվացնելու գործում: