«Առավոտ» օրաթերթը հունիսի 10-ին հրապարակել էր մոսկվաբնակ Արսեն Մարգարյանի նամակ-ահազանգը, ըստ որի` Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը թեմի կազմում գործող «Հայասա» պարային համույթին աշխատավարձ չի տալիս, չնայած այս համույթի համար գումարներ են տրամադրում ռուսահայ գործարարները` Ռուբեն Վարդանյան, Սամվել Կարապետյան, Լեւոն Հայրապետյան եւ այլք:
Արսեն Մարգարյանը նոր նամակով տեղեկացրել է, որ առաջին նամակից հետո, Եզրաս սրբազանի կարգադրության համաձայն, նրա օգնականները հրավիրել են «Հայասայի» պարուհիներին եւ «1937 թվականի ոգով զրուցել հետները` հասկանալու համար, թե ով է տեղեկատվական արտահոսքի հեղինակը»: «Հայ առաքելական եկեղեցու նախկին սպասավոր տեր Սահակը մի առիթվ ասել էր, որ այսօր Հայ առաքելական եկեղեցին ամբողջությամբ պատկանում է Գարեգին Բ կաթողիկոսին եւ նրա եղբայր Եզրաս սրբազանին: Տեր Սահակը չէր էլ ենթադրում, որ Հայ առաքելական եկեղեցին նաեւ ԽՍՀՄ ԿԳԲ-ի «լավագույն ավանդույթների» վերածննդով է զբաղված»,-գրում է Արսեն Մարգարյանը:
Նշենք, որ NEWS.am-ը զրուցել էր «Հայասայի» ղեկավար Արփինե Ամիրյանի հետ, ով ասել էր, թե համույթը գործում է բարեգործական նպատակներով եւ դրա աշխատակիցներն աշխատում են հասարակական հիմունքներով` առանց վարձատրվելու: «Մեր առջեւ հայ առաքելական եկեղեցին դրել է մի խնդիր` հավաքել օտար ափերում ապրող մեր հայ երեխաներին եւ նրանց հայեցի դաստիարակել: Այդ ամենը կատարվում է անվճար: Դա մեր պարտքն է մեր եկեղեցու եւ մեր պետության առաջ, այնպես որ ոչ մի գումարի մասին խոսք լինել չի կարող»,-ասել էր Ամիրյանը:
«Առավոտ»-ը հիշեցնում է, որ Եզրաս սրբազանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հարազատ եղբայրն է: «Կաթողիկոսը եղբորը թեմի առաջնորդ կարգեց մեծ կռվով-վեճերով: Սա այն կաթողիկոսն է, որ ուզում է քանդե լ Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, իսկ սակավածառ Արմավիր քաղաքում էլ այգի հատել` եկեղեցի կառուցելու համար»:




























