Ադրբեջանի իշխող կուսակցությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի գծով ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Մելիային ոչ երկակի կերպով առաջարկել է այլ երկրների քննադատելուց առաջ սեփական բանջարանոցը նայել։
«Ցանկացած ոլորտի համար կարելի է ասել, որ «այնտեղ կարելի է ավելի շատ աշխատանքներ տանել»։ Նույն բանը կարելի է ասել նաեւ ԱՄՆ-ի համար, որ մարդու իրավունքների ապահովման ոլորտում «կարելի է ավելի շատ աշխատանքներ տանել»,- ասել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ամեդովը։
«Թող այդ խոսքերն իրենց մասին էլ ասեն»,- ասել է նա։
Հիշեցնենք, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի գծով ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Մելիան Բաքու կատարած այցի ժամանակ հունիսի 16-ին լրագրողներին հայտարարել էր, որ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը կարող էր եւ պետք է ավելի լավ լինի։




























