Երեւանում այսօր` հունիսի 17-ին ժամը 01:00-ի սահմաններում Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ հատվածում միմյանց են բախվել 22-ամյա Սերգեյ Աբրահամյանի վարած «ՎԱԶ-2110» մակնիշի 07 ՕՏ 492 համարանիշի եւ 45-ամյա Վարդան Հերոյանի վարած «Հունդայի» մակնիշի 96 TN 999 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով, «ՎԱԶ-2110»-ի վարորդը եւ նրա ուղեւոր 23-ամյա Հովհաննես Աբրահամյանը, ինչպես նաեւ «Հունդայի» մեքենայի ուղեւորներ 48-ամյա Նաիրա Հերոյանը, 41-ամյա Թերեզա Բարսեղյանը, 22-ամյա Անի Պողոսյանը, եւ 48-ամյա Արմեն Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Արմենիա» բժշկական կենտրոններ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը: Նրան հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:
Վթարի վայրում ականատեսները պատմել են, որ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Ալբերտ Հերոյանին, ով ներկայումս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականն է, իսկ նախկինում եղել է Արմավիրի մարզպետ, նաեւ Կոնյակի գործարանի տնօրեն:





Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























