Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն վերադասավորումներ է կատարել կառավարությունում` միտված արմատական տնտեսական բարեփոխումների իրականացմանը, փոխել է ֆինանսների նախարարին:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, ֆինանսների նոր նախարար է դարձել Էվանգելոս Վենիզելոսը, ով մինչ այդ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը: Ավելի վաղ Վենիզելոսը Պապանդրեուի հիմնական մրցակիցն էր` Սոցիալիստական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարում:

Պապանդրեուն դեռ նախօրեին էր հայտնել նոր կառավարություն ձեւավորելու մտադրության մասին, որը պետք է խորհրդարանում վստահության քվե ստանա:

Նշենք, որ վերադասավորումները տեղի են ունենում պետական ծախսերի կրճատմամբ քաղաքականության ֆոնին: Նախատեսվում է չորս տարում տնտեսել 28,4 միլիարդ դոլար: Օրինագծի քվեարկությունը կայանալու է հունիսի 28-ին: