Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Վրաստան կատարած այցի ընթացքում վրացական կողմից նման անհիմն կոմյունիկե ներկայացնելու մեջ մեծ մասամբ մեղավոր է պաշտոնական Երեւանը` Թբիլիսիի գործողությունների նկատմամբ չարդարացված մեղմ դիրքորոշմամբ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կառավարող հանրապետական կուսակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Նա հայտարարել է, թե կաթողիկոսի այցը Վրաստան եւ հատկապես Ջավախք մեծ բարոյական նշանակություն է ունեցել այդ երկրում ապրող հայերի, նրանց ոգու, ավանդույթների եւ լեզվի պահպանման համար: «Ջավախքի հայերը բազմաթիվ տասնամյակներ չեն հիշում նման բարձրաստիճան այց, եւ այդ իմաստով կաթողիկոսի այցը կարելի է պատմական որակել»,- նկատել է Թորոսյանը:

Ընդ որում, նա շեշտել է, թե վրացական կողմն ամեն ինչ արեց, որ «այցը փակուղի մտցնի»:

«Նրանք անընդունելի կոմյունիկե ներկայացրին, որում պահանջում էին Հայաստանում գրանցել վրաց եկեղեցին` ի պատասխան Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու գրանցման: Չի կարելի համեմատել Վրաստանում ապրող հայերի կրոնական խնդիրները Հայաստանում ապրող վրացիների կրոնական խնդիրների հետ… Հայաստանում գրեթե բացակայում է վրացիների խնդիրների կրոնական ասպեկտը: Հայաստանի տարածքում կան քաղկեդոնական եկեղեցիներ, որոնք Վրաստանը փորձում է «յուրացնել»: Բայց ինչպես կարող է Վրաստանը հավակնել Լոռու մարզի հինգ եկեղեցիներին, եթե այնտեղ ընդհանրապես վրացական համայնք չի եղել, անգամ մեկ վրացի չի ապրել»,- ասել է պատգամավորը: