Քրեական աշխարհի ներկայացուցիչները առաջ են անցել քննիչներից, որոնք հետաքննում էին Յապոնչիկ մականունով քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի սպանության գործը, եւ վերացրել են նրան։ Ինչպես հաղորդում է GZT.ru-ն, պարզելով մահափորձի բոլոր հանգամանքները, քրեական աշխարհի ներկայացուցիչներն ավելի մեծ համառություն են ցուցաբերել, քան քննիչները։ Որոշ ժամանակ առաջ խուզարկուները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Յապոնչիկի շրջապատին իբր հաջողվել է գտնել նրա վրա կրակած մարդասպանին՝ աֆղանական պատերազմի մի վետերանի, եւ հավեհարդար են տեսնել նրա նկատմամբ։
Անցկացնելով սեփական հետաքննությունը, քրեական աշխարհի ներկայացուցիչները գտել են հուլիսի 28-ին «Տայսկի սլոն» ռեստորանից դուրս գալիս Յապոնչիկի վրա կրակողին։ Հանցանշանները երկուսն էին՝ Դրագունովի դիպուկահար հրացանն ու «Գազել» ավտոմեքենան, որից կրակել են։ Ինչպես պարզվել է, 1998 թվականին արտադրված հրացանը գրանցված է եղել բանակի զինանոցում, սակայն չեչենական երկրորդ ռազմարշավի ժամանակ այն անհետացել է։ Ավտոմեքենան գրանցված է եղել Մերձմոսկովյան Վոսկրեսենսկոյե շրջանի մի բնակչի անունով։ Ինչպես պարզվել է, մեքենայի տերը վաճառել է այն լիազորագրով։
Զուգահեռ հետաքննություն անցկացրած օպերատիվ հետախուզական խմբերից մեկի անդամները ավելի հետեւողական են եղել «հարցաքննություններում» եւ իբր կարողացել են գնալ ֆուրգոնի տերերի շղթայով ու հայտնաբերել կրակողին, որը աֆղանական պատերազմի վետերան է։ Նրա հետ մաքրել են հաշիվները, սակայն մեռնելուց առաջ նա իբր պատմել է այն ամենը, ինչ իմացել է պատվիրատուների մասին։
Արդյունքում, մի քանի շաբաթ առաջ, երբ բժիշկները դեռ պայքարում էին Իվանկովի կյանքի համար, օրենքով գողերը կալանավայրերում ու քննչական մեկուսարաններում նամակ են տարածել, որը ստորագրված է եղել ազդեցիկ 34 օրենքով գողերի կողմից, եւ որում հրահանգում էին տապալել օրենքով գող Տարիել Օնիանիին (Տարո)՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարկածներից մեկի համաձայն, Իվանկովը դարձել է օրենքով գողեր Ասլան Ուսոյանի (Հասան պապի) եւ Տարիել Օնիանիի (Տարո) խմբավորումների միջեւ քրեական պատերազմի զոհը։ Խմբավորումների միջեւ պատերազմը սկսվել է մոտ երկու տարի առաջ։ Հակամարտող կողմերից յուրաքանչյուրը փորձում էր մյուս կողմին մեղադրել գողական ավանդույթներն ու դրվածքը խախտելու մեջ։ Քրեական այդ պատերազմի ընթացքում արդեն սպանվել են մի քանի օրենքով գողեր։
Իվանկովը վախճանվել է 69 տարեկան հասակում Կաշիրսկի խճուղու ուռուցքաբանական կենտրոնում, որտեղ բուժվում էր հուլիսյան մահափորձից հետո։ Յապոնչիկը մահացել է հենց մահափորձի հետեւանքով ստացած վերքերից։ Նա մի քանի ծանր վիրահատության է ենթարկվել։ Քրեական հեղինակությունը ծանր վերքեր էր ստացել հուլիսի 28-ին տեղի ունեցած մահափորձի հետեւանքով։ Երեկոյան նա իր ծանոթների հետ միասին եկել էր «Տայսի սլոն» ռեստորան, որը գտնվում է Խորոշեւսկի խճուղում։ Երբ Յապոնչիկը դուրս էր եկել ռեստորանից, նրա վրա կրակել էին դիպուկահար հրացանից։ Նա տեղափոխվել էր Բոտկինի հիվանդանոց, որտեղ բարդ վիրահատության էր ենթարկվել։




























