2021թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչն իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի՝ 1993թ․ծնված  բնակչին՝ անզգուշությամբ պատճառելով մահ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող: Արմավիրի մարզի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ երեկոյան ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած Mercedes CLՏ 550 մակնիշի 01 MՏ 333 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտայում, «Երեւան մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։

Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եւ պարզվել է, որ նա  սթափ է եղել։

Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի է ենթարկել չթույլատրվող հատվածում փողոցը հատող քաղաքացուն, որը մահացել է