Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին տեղեկացրել է հայ գերիներին եւ պատանդներին վերադարձնելու Ադրբեջանի մերժման հետ կապված իրավիճակի մասին: Լրագրողների հետ զրույցում նախարարը հանդիպման որոշ մանրամասներ է հրապարակել:
«Հանդիպումը շատ կարեւոր էր: Այն, ինչ կատարվել է մեզ հետ, կարեւոր խնդիր է, միջազգային հանրության համար մարտահրավեր է: Քննարկեցինք տարբեր հարցեր: Ես հիմա գնահատական չեմ տա: Թե ինչ եզրակացություններ ու հետեւանքներ կլինեն, ժամանակը ցույց կտա: Բայց այս իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է աշխատել, օգտագործել բոլոր ուղիները»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանում գերիների ու պատանդների հարցին: «Մենք հայտնեցինք մեր մտահոգությունը եւ ներկայացրեցինք գերիների եւ առհասարակ պատանդների հետ կապված իրական վիճակը: Ադրբեջանը ճշգրիտ թիվ չի հայտնում: Սա նշանակում է, որ կան որոշ առաջադրանքներ եւ ծրագրեր: Եւ բացառված չէ, որ՝ հանցավոր: Ուստի միջազգային հանրությունը պետք է հարցը քննարկելու եւ լուծելու ավելի շատ հնարավորություններ ունենա»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը:




























