Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ հետախուզում է հայտարարվել Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանի նկատմամբ, ով կասկածվում է ապրիլի 14-ին Երևան քաղաքում թիվ 54 երթուղին սպասարկող ГАЗель-ի մեջ դանակի 3 հարվածով Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Քննչական մարմինը դիմելու է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Գ. Բաղդասարյանի նկատմամբ:

Նշենք, որ ՀՀ քր օր-ի  104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էր ապրիլի 14-ին Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող ГАЗель-ի մեջ սպանվածի և  սպանությունը կատարող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:

Պարզվել էր՝ սպանվածը Երևանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանն էր: Նրան դանակի  3 հարվածով սպանելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից փնտրվում էր Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը, ով նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, իսկ սպանվածը ամիսներ առաջ էր Ավստրիայից վերադարձել Հայաստան: