Երեւանի ավագանին իր այսօրվա՝ ապրիլի 20-ի նիստում համաձայնություն տվեց միանալու Եվրոպական Միության «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի եւ էներգիայի» նախաձեռնությանը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2017թ. Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Փարիզյան համաձայնագիրը՝ պարտավորվելով սահմանափակել իր արտանետումները: Երեւանի քաղաքապետարանը միանալով ԵՄ «Քաղաքապետների Դաշնագիր» նախաձեռնությանը, պարտավորություն էր ստանձնել իր լիազորությունների շրջանակներում մինչեւ 2020 թվականը կրճատել ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 20%-ով եւ նպաստել քաղաքային տնտեսության զարգացմանը՝ կայուն էներգետիկ զարգացման սկզբունքներին համապատասխան:

Դաշնագրի շրջանակներում ՄԱԶԾ աջակցությամբ մշակվել եւ հաստատվել է Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը (ԿԷԶԳԾ), որի շրջանակներում Երեւան համայնքում՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվել են մի շարք բնապահպանական ծրագրեր:

Մասնավորապես, հաշվի առնելով Դաշնագրին Երեւանի միացած լինելու հանգամանքը, ԵՄ կողմից հաստատվել է 8 մլն եվրո դրամաշնորհ նոր աղբավայրի կառուցման համար, տրամադրվել է 1 մլն եվրո դրամաշնորհ «ԵՄ-ն Երեւանի համար. Արեւային համայնք» ծրագրի իրականացման համար:

Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագծով համաձայնություն է տրվում միանալու «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի եւ էներգիայի» նախաձեռնությանը, որով Երեւանը ստանձնում է մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 30%-ով կրճատելու եւ Երեւանի կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականության շնորհիվ դիմադրողականության բարձրացման պարտավորություններ: Դաշնագրին միանալուց հետո կվերանայվի ԿԷԶԳԾ-ն եւ կնախատեսվեն նոր կլիմայի փոփոխության մեղմանն ու հարմարվողականությանն ուղղված բնապահապանական միջոցառումներ:

Բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանը նշեց, որ Հայաստանում 27 համայնք միացել է այս դաշնագրին, որոնցից Վանաձորն ու Գավառը ներկայացրել են գործողությունների ծրագիր: