Խոսելով Հարավային Կովկասում Թուրքիայի դերի մասին՝ մենք պետք է հաշվի առնենք այն, թե որ կողմի հետ գործ ունենք, եւ ինչ դինամիկայով է այն զարգանում: Այս մասին «Հայաստանն ու Թուրքիան Հարավային Կովկասում. Իրողությունները եւ ռիսկերը» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ երեկվա Թուրքիան տարերվում է այսօրվանից:

«Եթե թուրքը մնում է թուրք, ապա Թուրքիան եւս չի փոխվում: Եթե խորը նայենք այսօրվա էրդողանյան Թուրքիային, ապա կտեսնենք հետաքրքիր տեսարաններ. կար Թուրքիա, որը դուրս էր Քեմալ Աթաթուրքի ազգայնական սահմաններից՝ վերածվելով տարածաշրջանային գերտերության: Սակայն մենք գործ ունենք Թուրքիայի հետ, որը չունի համապատասխան ռեսուրսներ շրջանակներն ընդլայնելու համար: Եվ այսօր Թուրքիայի քաղաքական միտքը գնում է այլ ուղղությամբ. ֆիքսել ունեցածը: Այսօր Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի հետ՝ գրեթե հրաժարվելով իր ամբիցիաներից Արեւելյան Միջերկրական ծովում եւ հնարավորինս խուսափելով Ռուսաստանի հետ բախումներից»,-ասաց նա:   

Այնուամենայնիվ, փորձագետի խոսքով, կա մեկ ուղղություն, որում Թուրքիան չի սահմանափակվի, եւ դա Հարավային Կովկասն է:

«Նրանք, ցավոք, գտնվում են կամ Հայաստանի հարեւանությամբ կամ Կասպից ծովի սահմաններում: Հետեւաբար, այդ ուղղությունը հետագայում եւս կմնա Թուրքիայի համար էքսպանսիոնիստական»,-ասաց իրանագետը: