Երբ ստեղծվեց հանրային խորհուրդը բազմաթիվ քաղաքացիներ, տարբեր ոլորտի մասնագետեր, ընդգրկվեցին այդ կառույցում` կարծելով, թե իրենց մասնակցությամբ կկարողանան նպաստել հանրությանը հուզող մի շարք խնդիրների բարձրաձայնմանը, ինչպես նաեւ լուծմանը։ Ամիսներ շարունակվող կառուցվածքային աշխատանքերը արդեն ավարտվել են։ Ձեւավորվել են12 հանձնաժողովներ, ընտրվել նախագահներ, ընդգրկվել են հանձնաժողովի անդամներ, սակայն պարզվում է՝ հանձնաժողովի որոշ անդամների հիասթափեցրել է ՀԽ-ի անկազմակերպ աշխատաոճը։ Նրանցից ոմանք մեզ դժգոհել էին, որ ոլորտային խնդիրները թողած` քննարկում են միայն քաղաքական հարցեր, քննարկումների ժամանակ հնչում են միակողմանի, նախապես պատվիրած հերթապահ ելույթներ։ «Հատկապես մարզերից գնում հասնում ենք Երեւան ու լսում, որ մենք պետք է այդ օրը քննարկենք հայ-թուրքական, համաներման հարցեր, այն դեպքում, որ մենք այդ քննարկմանը ոչնչով չենք կարող օգտակար լինել, մենք ընդգրկվել ենք, որ քննարկենք, օրինակ՝ գենդերային խնդիրներ, իսկ այդ դեպքում փաստորեն դառնում ենք „կոճակ սեղմող“»,-մեզ հետ հանդիպման ժամանակ դժգոհեցին հանձնաժողովի մի քանի անդամներ, որոնք չցանկացան ներկայանալ։ Ինչեւէ, վերջիններիս հայտնած դժգոհությունների վերաբերյալ զրուցեցինք հանրային խորհրդի անդամ, ՀՔԴ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի հետ։
Պարոն Հարությունյան, Հանրային խորհուրդը ի՞նչ նպատակով ստեղծվեց։
Հանրային խորհուրդը Հանրապետության նախագահի կոլեգիալ խորհրդատուն է։ Հիմնական նպատակը՝ հանրության շահերին վերաբերվող հարցերի նկատմամբ հանրության սպասելիքները պարզելն է, փորձագիտական մոտեցումները, եւ հանրապետության նախագահի եւ իշխանության բարձրագույն մարմինների համար առաջարկությունների պատրաստումը ։ Մյուս կողմից՝ հանրային կյանքին վերաբերվող օրենսդրական նախաձեռնությունների նկատմամբ փորձագիտական եզրակացությունների մշակում, որը նորից կներկայացվի Աժ եւ Կառավարություն։
Հաջորդ հարցը, որը շատ կարեւոր եմ համարում, հասարակական կազմակերպությունների, փորձագիտական խմբերի հնարավորություններն օգտագործելով` Կառավարության առջեւ փորձել բարձրացնել այն հարցերը, որոնք Հանրային խորհրդի կարծիքով ունեն ծրագրային նշանակություն, սակայն կառավարության գործունեության առաջնահերթությունների ցանկում ընդգրկված չեն։
Ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնք պիտի զբաղվեն ոլորտի խնդիրներով, սակայն ՀԽ-ն բոլոր հանձնաժողովների հետ քննարկում է միայն քաղաքական հարցեր։ Այդ դեպքում ինչո՞ւ ստեղծվեցին հանձնաժողովներ։
Նրանք ըստ էության պետք է ընդգրկեն մեր հանրային կյանքի բոլոր ոլորտները։ Սա նշանակում է, որ հանձնաժողովը իր մեջ պետք է ընդգրկի այն մարդկանց, մասնագետներին, այդ ոլորտի հիմնախնդիրները ճանաչող մարդկանց, որոնք պիտի նախաձեռնեն դրանց վերհանումը։ Նրանք պետք է դարձնեն օրակարգային հարց, քննարկեն, ներկայացնեն առաջարկություններ, դրանք էլ գան հասնեն ՀԽ-ի 36 անդամներին, որոնք պիտի ծանոթանան։ Այնուհետեւ կամ կհամաձայնեն, կամ մոտեցումներ կառաջարկեն ու կներկայացնեն Հանրապետության նախագահին։
Եթե յուրաքանչյուրն իր խնդիրը պետք է առաջ քաշի, այդ դեպքում ինչո՞ւ են բոլոր հանձնաժողովերը քննարկում հայ-թուրքական , համաներման եւ այլ քաղաքական հարցեր։ Օրինակ, ժողովրդագրական ու գենդերային հանձնաժողովի որոշ անդամներ դժգոհում են, որ իրենց ոլորտային հարցերը թողած` իրենց ստիպում են մասնակցել քաղաքական հարցերի։ Այն դեպքում, երբ իրենք ոչնչով օգտակար չեն կարող լինել քաղաքական հարցերի քննարկմանը։
Ես գիտեմ, որ գենդերային հանձնաժողովը բավականին ակտիվ մասնակցել է քննարկմանը։ Բայց ըստ էության հարցը նայենք։ Այս հանձնաժողովները ձեւավորվել են սեպտեմբերի մեկի դրությամբ։ Այդ հանձնաժողովները ընդամենը կարողացել են այս ընթացքում բացեն մի քանի աշխատանքային խնդիրներ եւ մշակեն մինչեւ տարեվերջ ծրագիրը։ Դա իրենց օրակարգն է, մենք այնտեղ չենք խառնվում, ես` որպես հանրային խորհրդի անդամ, ինձ իրավունք չեմ վերապահում` գնամ ասեմ, այս հարցը քննարկեք, սա` չէ։ Ես լավագույն դեպքում կարող եմ առաջարկել, իրենք էլ կորոշեն` ուշադրություն դարձնե՞ն, թե՞` ոչ։ Մենք արդեն ունենք հանձնաժողովների աշխատանքային ծրագիրը, որը հանձնաժողովը կգտնի քննարկման առարկա դարձնել մինչեւ տարեվերջ։ Գենդերային հանձնաժողովը կարող է` բաղկացած է 65 հոգուց, որպես կանոն 65 հոգու հետ փաստաթղթով չեն աշխատի։ Խնդիրը դնում են, 65 հոգին պայմանավորվում են, որ այդ հարցը հրատապ հարց է, արժե դրա վերաբերյալ կարծիք ձեւավորել, որոշում են այն չորս-հինգ հոգուն, որոնք այդ հարցի ամենաիրավասուները կարող են լինել։ Նրանք ուսումնասիրում են խնդիրը` հանդիպելով տարբեր գերատեսչությունների հետ։ Ներգրավվելով տարբեր փորձագետների կարծիքները` ձեւավորում են մոտեցում եւ բերում են գենդերային հանձաժողովի հերթական նիստերի քննարկմանը, այդ քննարկմանը կմասնակցեն 65 հոգին եւ նրանք հնարավորություն կունենան իրենց համաձայնությունն ու անհամաձայնությունը հայտնել այդ կարծիքի վերաբերյալ։
Պարոն Հարությունյան, բայց այս ընթացքում իրենք մասնակցել են միայն հանձնաժողովի նախագահի ընտրությանը, համաներման ու հայ-թուրքական հարաբերություններ հարցերի քննարկմանը, իրենց ոլորտի խնդիրները դեռեւս առաջ չեն քաշվել։
Մի գուցե պարագանների բերումով այդպիսի տպավորություն է ստեղծվել։ Ես չեմ պատկերացնում, որ Ձեզ իրենց դժգոհություն արտահայտողները հարց են բարձրացրել, առաջարկություն են արել` քննարկման առարկա դարձնել մայրության ու կանանց վիճակի հետ կապված մի խնդիր, եւ հանձնաժողովում նրա այդ հարցը հաշվի չեն առել ու քննարկման առարկա չեն դարձրել։ Նա բարձրացրե՞լ է հարց, առաջարկե՞լ է ստեղծել աշխատանքային խումբ այդ հարցի քննարկման կապակցությամբ։
Նրանք դժգոհում են, որ հանձնաժողովի նիստերին են միայն տեղեկանում, թե ինչ հարց է քննարկվելու։ Այսինքն` նրանց նախապես չեն տեղեկացնում, թե ինչ խնդիրների են անդրադառնալու, կամ իրենց անելիքը ընդհանրապես ո՞րն է։
Որեւէ մեկը չի պատրաստվում աշխատել հանձնաժողովի անդամի փոխարեն։ Ես հանրային խորհրդի անդամ եմ, եւ չեմ սպասում, որ ինձ զանգ տան, որ գնամ, մասնակցեմ քննարկումներին։
Բայց խոսքը ոչ թե հանրային խորհրդի անդամի, այլ հաձնաժողովի անդամի մասին է։
Նրանք պետք է զանգեն եւ իրենց հանձնաժողովի նախագահին առաջարկեն, որ քննարկվի իրենց առաջ քաշած հարցը։ Ոմանց թվում է, թե ինչ-որ մարդիկ պետք է պատրաստեն խնդիրը, բերեն, իրենք էլ քննարկեն։ Այդպես չէ, մենք նրանց չենք հրավիրել, որ գան ու ինչ-որ մեկի արած աշխատանքը փնովեն։ Ես պարզ ասում եմ, որ բոլոր հանձնաժողովների անդամները պետք է նախաձեռնող լինեն։ Տարբերություն չկա` անդամ ես, թե նախագահ։ Ես առիթից օգտվելով` կոչ եմ անում, որ չնստեն սպասեն, մինչեւ իրենց կանչեն։ Նախաձեռնեք, ես էլ ձեզ օգնական։
Ձեր կարծիքով հանձնաժողովի անդամների մեղքո՞վ է ՀԽ-ի անկազմակերպ աշխատաոճն ու դժգոհության պատճառները։
Չէ, ես ոչ մեկին չեմ մեղադրում, հնարավոր է` նրանք այդ փորձառությունն էլ չունեն, եւ չեմ բացառում, որ նրանք չեն էլ պատկերացնում, թե ինչպես պիտի այդ աշխատանքը կազմակերպեն։ Բայց այդ մարդիկ, երբ որ դարձել են հանձնաժողովի անդամ, թուղթ են լրացրել` ծանոթ ենք հանրային խորհրդի կանոնադրությանը, բայց ՀԽ-ի կանոնադրության մեջ սեւով սպիտակի վրա այս ամեն ինչը գրված է։
Պարոն Հարությունյան , ինչո՞ւ է տպավորություն ստեղծվել, որ ոչ թե Ձեր մոտից է հարցի քննարկումը հասնում Նախագահի աշխատակազմ, ինչպես դուք եք ասում, այլ հակառակը` վերեւից են պատվերներ իջնում։
Օրինակ բերեմ Ձեզ։ Վերջերս Հանրային խորհրդի հանձնաժողովներից մեկի` ձեռներեցության հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ, մենք քննարկեցինք էլեկտրոնային կապի վերաբերյալ, ինտերնետ համակարգում ստեղծված իրավիճակը։ Ներգրավվել ենք, եւ նախագահ, եւ վարչապետի խորհրդական, Արմենթել, բոլորին, բոլորին։ Եւ շատ լուրջ քննարկում գնաց, նախաձեռնողը ընդամենը հանձնաժողովի անդամ էր։ Երեք օրվա քննարկումից հետո սկսվեց մի գործընթաց, որին ոչ մեկը չէր սպասում. Արմենթելը հայտարարեց, որ միակողմանի իջեցնում է սակագները։
Մենք ընդամենը մեկ ամիս ենք աշխատում, իհարկե, համաներման խնդիրը եղավ, եւ համաձայնեք, որ առանց Հանրային խորհրդի եզրակացության՝ ներկայացնելը սխալ կլիներ։ Հայ-թուրքական հարցը առաջացավ, մենք մեր նախաձեռնությամբ քննարկեցինք, ինչպես՝ բազում ՀԿ-ներ։
Այդ դեպքում ի՞նչն է Հանրային խորհրդի հանդեպ անվստահության պատճառը։
Մի շտապեք, մենք ընդամենը մեկ ամիս 15 օր ենք աշխատում։ Պետք չէ Հանրային խորհրդին այդքան շուտ թաղել, մենք այդքան շուտ թաղվողն էլ չենք, ժամանակը ցույց կտա։ Իհարկե, դժվարություններ կլինեն ու հիասթափություններ, էդպես չէ, որ ամեն ինչ կլինի վարդագույն։ Մարդիկ կան, որոնց, հնարավոր է, չբավարարի Հանրային խորհրդի գործելաոճը։
Երբ որ հանձաժողովի նախագահներին ընտրում էին, բոլոր հանձնաժողովների անդամները մասնակցում էին ու թեժ վեճ էր գնում` ով պետք է ընտրվի։ Այդ թեժ միջավայրում, որտեղ նախագահ էր ընտրվում, ասա խնդրեմ, դու կմտածեիր, որ ինչ-որ մարդիկ կասեն. մեզ ինչու չեն կանչում, մենք չգիտենք` ինչով զբաղվենք։
Պարոն Հարությունյան, իսկ խորհուրդը ֆինանսավորո՞ւմ է հանձնաժողովի անդամներին, որոնք մարզերից են ժամանում քաղաք` քննարկումներին մասակցելու։
Մեր կանոնադրության մեջ է գրված, որ բոլոր նրանք, ովքեր մարզերից են գալիս` մասնակացելու հանրային խորհրդի հանձնաժողովների աշխատանքներին, նրանց ծախսերը փոխհատուցվում են։ Գրանցել ենք, եւ նրանք միանգամից այն կստանան։ Մերը նոր կառույցը է, վերջին հաշվով՝ դեռ բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու։
Գայանե Գրիգորյան




























