ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները վերագործարկման են ենթարկվել, Մոսկվան ու Վաշինգտոնը շատ բան են հասցրել անել։ Այս մասին հոկտեմբերի 13-ին Մոսկվայում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
«Այս տարվա գարնանը Ժնեւում տեղի ունեցած մեր առաջին հանդիպումից հետո մենք շատ բանի ենք հասել։ Այսօր մենք հնարավորություն ունենք քննարկելու հարաբերությունների հետագա զարգացումն ու միջազգային կարեւոր հարցերը, ինչպես նաեւ հարաճուն հարցերը, որոնք ծառացած են մեր երկրների առջեւ»,- Քլինթոնի խոսքերն է հաղորդել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Ամերիկայի պետքարտուղարը նաեւ ափսոսանք է հայտնել, որ հուլիսին չի կարողացել ներկա գտնվել նախագահների գագաթնաժողովին՝ արմունկի վնասվածքի պատճառով, «սակայն դրանից հետո ե՛ւ իմ արմունկը, ե՛ւ մեր հարաբերությունները վերագործարկման են ենթարկվել»։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն իր հերթին հույս է հայտնել, որ կատարված աշխատանքը թույլ կտա կողմերին արդյունավետորեն աշխատել «բանակցությունների առաջին այս փուլի ընթացքում երկու երկրների նախագահների կողմից ստեղծված երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, որպեսզի վերջնականապես որոշվեն հանձնաժողովի չափորոշիչները, սահմանվեն նրա աշխատանքի ընթացակարգերը»։
Ըստ Լավրովի, այսօր կողմերը պետք է քննարկեն նաեւ «միջազգային սուր խնդիրներ, ինչպես նաեւ օրակարգային երկկողմ հարցեր, իսկ դրա համար անհրաժեշտ է օգտագործել առկա ողջ ներուժը»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ի երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եվրոպական իր շրջագայության շրջանակներում ժամանել է Մոսկվա։ Այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսված է Քլինթոնի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ։




























