Սեռավարակներով տառապող մարդիկ Հայաստանում մեծամասամբ  խուսափում են հաշվառումից, այդ է պատճառը, որ վարակվածների թվաքանակի վերաբերյալ վիճակագրությունը համարյա ամեն տարի նույնն է մնում։ Հունիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի փոխտնօրեն Գուրգեն Փորսուղյանը։

Նրա խոսքով, գոյություն ունի ֆորմուլա, համաձայն որի համապատասխան բուժհաստատություններում գրանցվում է սեռավարակներով հիվանդների միայն 30-40 տոկոսը։ «Եթե մենք ամեն տարի գրանցում ենք 30-35 հազար սեռարվարակներով հիվանդների, ապա իրական պատկերն ստանալու համար այս թիվը պետք է մեծացնել առնվազն մի քանի անգամ»,- նկատեց մասնագետը։

Գուրգեն Փորսուղյանը տեղեկացրեց, որ աշխարհում գոյություն ունեցող մոտ երկու տասնյակ սեռավարակներից Հայաստանում առավել տարածված են սիֆիլիսը, հոնորեան, խլամիդիոզը, ուռեոպլազմոզը եւ սեռական օրգանների հերպեսն ու գորտնուկները։ «Ընդ որում, կան սեռավարակների որոշ տեսակներ, որնք առանձին ախտանիշեր չունեն եւ բացահայտվում են միայն բժշկական հետազոտության արդյունքում»,- տեղեկացրեց բժիշկը։

Նա նաեւ հատկանշական համարեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, սեռավարակներով հիվանդանալու ռիսկային խմբում առավել ակտիվ սեռական կյանք վարող տարիքային խմբի մարդիկ են՝ 16-40 տարեկան անձինք։

Փորսուղյանը նկատեց նաեւ, որ իրենց կենտրոնում ամեն տարի շուրջ 600-1000 մարմնավաճառներ են հետազոտվում, որոնցից 1-2-ի մոտ սեռավարակի այս կամ այն տեսակ է հայտնաբերվում։ «Այս տարի, օրինակ, մեկ այդպիսի դեպք ենք հայտնաբերել, եւ դրա մասին տեղյակ պահել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնին»:

NEWS.am-ի հարցին, թե գնային ինչպիսի՞ քաղաքականություն է գործում կոնկրետ Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում հիվանդության այս կամ այն տեսակից բուժվելու համար, Փորսուղյանը չպատասխանեց, նշելով միայն, որ կան հիվանդության որոշ տեսակներ, որոնք բուժվում են պետպատվերի շրջանակներում։ «Իսկ մնացած դեպքերում, եթե գնացել-գումար են վճարել եւ հաճույք ստացել, թող բարի լինեն բուժվելու համար էլ վճարել»,- կես կատակ-կես լուրջ ավելացրեց նա։

Վերջում բժիշկը հիշեցրեց, որ սեռավարակների որոշ տեակներ, ինչպես օրինակ սիֆիլիսն ու հոնորեան, կարող են տարածվել նաեւ կենցաղային ճանապարհով՝ համբույրի, սպասքի միջոցով, եւ խորհուրդ տվեց հիվանդության հայտնաբերման դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել։