Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ին մեկնել է Կազան։

Թաթարստանում կկայանա Սերժ Սարգսյանի՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հետ հանդիպումը։ Եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Սպասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Նշեք, որ այցը կայանում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով։ Թաթարստանի Հանրապետությունում երկրների ղեկավարները կմասնակցեն Ռուսաստանի նախագահի պարգեւի համար անցկացվող ավանդական ձիարշավին։

Ինչպես նշվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ հունիսի 23-ին տարածած հայտարարության մեջ, «Փաստաթուղթը, որը կքննարկվի Կազանում, կողմերի եւ համանախագահող երկրների համատեղ աշխատանքի կարեւոր շրջանի արդյունք է եւ առաջ շարժվելու ու Խաղաղ պայմանագրի նախապատրաստման իրական հիմք»։

Կազանյան հանդիպման նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հեռախոսազրույցներ են ունեցել իրենց ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ։ ԱՄՆ նախագահ Օբաման երկու երկրների եկավարներին խորհուրդ էր տվել կազանյան հանդիպման ժամանակ ավարտել Հիմնարար սկզբունքների վրա տարվող աշխատանքները։ Սարկոզին Սերժ Սարգսյանին «որոշիչ հանդիպումից» առաջ հաջողություն էր մաղթել։