Թերթը ամփոփոիչ վերլուծություն է զետեղել 1998-2008 թվականներին Հայաստանում կատարված իրադարձությունների, ձեռքբերումների եւ կորուստների մասին, որում մասնավորապես ասվում է. «1990-ականների վերջին Հայաստանի առջեւ ծառացած գլխավոր մարտահրավերները մի քանիսն էին` անվտանգության ապահովում, սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարում, ժողովրդավարական անցում եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակում: Անվտանգության առումով, կարծես, ամեն ինչ հստակ է:

Առաջնային խնդիրը` թե այդ ժամանակ, եւ թե դրանից առաջ եւ հետո, ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցն էր: Թե ինչ ունեինք 1998-ից առաջ եւ ինչ ունեցանք հետո` այդ մասին շատ է խոսվել: Գնահատականներ տալն այս հարցի վերաբերյալ դեռ վաղ է: Պատճառը` խնդրի կարգավորված չլինելն է: Բայց ընթացիկ մեկ արձանագրում, այնուամենայնիվ, կարելի է անել. Լիսաբոնի 1996 թ. հայտնի գագաթաժողովից հետո Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին հայկական կողմին հաջողվեց միջազգային հանրության մոտ հիմնավորել այն իրողությունը, թե ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելն անհնար է»: «Իսկ թե ինչ հաջողությունների է հասել բանակը մարտական պատրաստականության առումով, գնահատականներ կարող են տալ միայն մասնագետները: Բայց մի փաստ տեսանելի է` հենց այս ժամանակահատվածում տեղի ունեցավ ազգային բանակի կորիզի սերնդափոխությունը, համապատասխան պատրաստություն անցած մասնագետներով համալրումը:

Արդյունքում`մարտունակ, բայց նվազ պրոֆեսիոնալ բանակն աստիճանաբար դարձավ կուռ, կանոնավոր պետական մի կառույց, որը ոչ միայն արդյունավետ իրացնում է երկրի սահմանները պաշտպանելու իր գործառույթը, այլեւ` աստիճանաբար խորացնում է միջազգային համագործակցությունը»:

Վերլուծության հետագա տողերում կարդում ենք նաեւ. «1998-2008թթ. փոփոխությունների դրական միտումներն առկա են եղել հասարակության կենսագործունեության բոլոր բնագավառներում: Համաշխարհային բանկը միանգամայն թափանցիկ տվյալների հսկայական բազա է վարում, որտեղից կարելի է ցանկացած երկրի վերաբերյալ ավելի քան 7000 ինդիկատորներով տեղեկություններ քաղել: Դրանցից գերակշիռ մեծամասնության ուսումնասիրությունները վկայում են, որ Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել մարդկային զարգացման համար էական բոլոր բնագավառներում` տնտեսությունից մինչեւ սոցիալական խնդիրներ, առողջապահություն, կրթություն եւ այլն:

Մակրոտնտեսական բազմազան ցուցանիշներն ու տվյալները լայն հանրությանը գուցե ոչինչ չասեն, բայց այն, որ համեմատաբար նվազ գնաճի պայմաններում արձանագրվել է կայուն եկամուտների աճ, ակնհայտ է: Այն, որ 1998-ի 56,1 տոկոս աղքատության ցուցանիշը 2006-ին արդեն կիսով չափ նվազել ու կազմել է 26,5 տոկոս, տեսանելի է բոլորին»: