Իրադրության սրում, տխրահռչակ «հիմնարար սկզբունքներն» անպայման համաձայնեցնելու կոչեր, զանգեր… եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կազանյան հանդիպման ձախողում: Ինչպես միշտ, եղավ աշխարհաքաղաքական ամենաբարձր մակարդակի շատախոսություն, բայց ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր: Իսկ պատճառը չափազանց ակնհայտ է. պաթոլոգիական կասկածամտությամբ տառապող ալիեւյան կլանը պարզապես պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման: Աշխարհի հզորները ձեւացնում են, թե իբր չեն հասականում այս պարզ ճշմարտությունը:
Բանակցությունների նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Երեւանը Բաքվից սպասում է կառուցողական առաջարկներ: Առաջարկներ եղան, միայն դրանք տասն էին, բայց որեւէ մեկը կառուցողական չէր: Հայաստանի արտգործնախարարն անմիջապես հայտարարեց, որ բանակցությունները փաստացի ձախողել է արդբեջանական կողմը: Էդվարդ Նալբանդյանի խոսքին չհավատալու պատճառ չկա, քանի որ Բաքվի ուշացած պատասխան մեղադրանքներում իրական որեւէ հերքում չհնչեց:
Իսկ ապացույցը, որ Ադրբեջանի ավտորիտար բռնակալը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, եղավ անմիջապես Կազանից վերադառնալուց հետո ռազմական շքերթում Ալիեւի ճառը: Զինված ուժերի օրվա կապակցությամբ ուղերձում Ադրբեջանի նախագահը դարձյալ երգեց «տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտության» երգը, ընդ որում հատուկ շեշտվեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնել ամեն գնով, նույնիսկ` ռազմական:
Ալիեւի միլիտարիստական «լավատեսությունը» զարգացում ունեցավ Ադրբեջանի դրոշի դուրս բերման ժամանակ. շքերթի հաղորդավարը վստահություն հայտնեց, որ «շուտով դրոշը կծածանվի Ղարաբաղում եւ Խանքենդիում» (ադրբեջանցիների անիրականանալի երազանքներում այդպես է կոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը):
Արդյունքում, միջնորդների նախապես բեկումնային հայտարարած կազանյան բանակցություններից երկու օր էլ չէր անցել` Ադրբեջանի իշխանությունները բոլոր աշխարհաքաղաքական խաղացողներին ցույց տվեցին, որ թքած ունեն խաղաղ ճանապարհով եւ կարճ ժամկետներում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու կոչերի վրա: Ընդհակառակը` Ադրբեջանի միլիտարիզացիան շարունակվելու է, իսկ Ադրբեջանը մնալու է տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության իրական սպառնալիք:
Հենց այս է ղարաբաղյան հակամարտության կարգավորման «գորդյան հանգույցը». Երեւանը պատրաստ է ողջամիտ զիջումների, իսկ Բաքուն, ձգտելով վերադառնալ 1988-ի իրավիճակին, ձախողում է խաղաղության գործընթացը:
Այսպիսով, իրավիճակը տարածաշրջանում անբարենպաստ է: Ընդ որում Ադրբեջանը կարողացավ կարճ ժամանակում անհարմար կացության մեջ դնել աշխարհաքաղաքական հակառակորդներ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին:
Առանց այդ էլ Վաշինգտոնի հեղինակությունը հայ-թուրքական գործընթացում տուժել էր Թուրքիայի «կրտսեր եղբայր» Ադրբեջանից: Դրանից հետո Արեւմուտքի կողմից նույնիսկ բանավոր պատժամիջոցների չարժանացած Բաքուն որոշեց, որ կարելի է տարածաշրջանում հարվածել նաեւ Մոսկվայի հեղինակությանը: Կրեմլի համար տեսարանը ցավալի է. Ալիեւը հայտարարեց, թե արժեւորում է Դմիտրի Մեդվեդեւի անձնական մասնակցությունը բանակցություններին եւ հենց Մեդվեդեւի տարածքում էլ ձախողեց այդ բանակցությունները:
Արդյունքում, աշխարհաքաղաքական խաղացողները ամառային առաջադրանք ստացան. ինչպես վարվել առանց կանոնների խաղացող Ադրբեջանի հետ, որը բոլորին հակառակ ոչ մեկի հետ համաձայնության չի գալիս եւ պատրաստ է նոր պատերազմ հրահրել:
Կազանյան հանդիպման վերջնարդյունքը հստակ է. հասարակ կոչերով հնարավոր չէ Ադրբեջանին ստիպել ընդունել իրողությունները: Մոսկվան ու Վաշինգտոնը պետք է դիմեն ավելի լուրջ քայլերի:
Իվան Ղարիբյան




























