NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Վերջիհան Զիֆլիօղլուի հոդվածը` հրապարակված «Hürriyet Daily News and Economic Review» պարբերականում:

Տասնամյակներ շարունակ ինքնությունը թաքցրած հայերի պատմություններ սկսեցին հայտնվել վերջին տարիներին: Նրանցից շատերն ապրում են սունի մուսուլմանի կամ քուրդ ալեւիի ինքնությամբ, թեեւ նախկինի նման իրենք իրենց սահմանում են որպես էթնիկ հայ:  

«Ռասան, ինքնությունը եւ կրոնը տարբեր բաներ են: Ես դաստիարակվել եմ որպես սունի եւ ապրում եմ որպես այդպիսին, սակայն չեմ մերժում ոչ իմ անցյալը, ոչ էլ իմ մշակույթը: Կրոնը կարեւոր չէ, սակայն ես ուզում եմ իմանալ իմ լեզուն»,- ասում է հայտնի դիարբեքիրցի հայ Գաֆուր Թուրքայը, որն ինքն իրեն համարում է սունի:

Թուրքայը 15 տարեկան է եղել, երբ իմացել է, որ իր իսկական ազգանունը Օհանյան է: Նրա հայրը ուխտագնաց էր: Թուրքայը կայացել է սունի մուսուլմանների մշակույթում: Նրա խոսքով, Դիարբեքիր նահանգի հայ մուսուլմանները ճանաչում են իրար:

«Դիարբեքիրում շատ կարեւոր է իսլամի ընկալումը: Դիարբեքիրում քեզ կհանդուրժեն, եթե նույնիսկ հայտարարես, որ հայ ես, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ դու անդրադառնում ես իսլամին»,- ասում է նա:

Թուրքայը նշում է, որ հայ քրիստոնյաները բարձրից են նայում հայ մուսուլմաններին: «Նրանք այնպես են վերաբերվում, կարծես` մենք ունեցել ենք ընտրության հնարավորություն: Հայկական ինքնությունը պետք է կապվի ռասայի հետ, բայց ոչ կրոնի հետ: Կրոնը կարելի է ընտրել, ռասան ընտրել հնարավոր չէ», - նկատում է Թյուրքայը:

Թուրքիայի պատմական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն ասում է, որ Դիարբեքիրի իրավիճակը կրկնվում է նաեւ երկրի մյուս հատվածներում: «Ծպտյալ հայեր կան ոչ միայն Դիարբեքիրում, այլեւ ամբողջ Թուրքիայում: Այժմ նրանք բացահայտում են իրենց ինքնությունը»,- ասում է Հալաչօղլուն: Արտվինում եւ Ռիզեյում բնակվող իսլամացած հայերն իրենք իրենց սահմանում են որպես համշենահայեր եւ խոսում են հայոց լեզվի իրենց բարբառով: Համշենահայերը պահպանում են իրենց քրիստոնեական ավանդույթները, թեեւ համարվում են մուսուլմաններ: