Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է NEWS.am-ի հրապարակմանն այն մասին, որ Հաղարծին վանական համալիրում շինարարները վանդալիզմ են իրականացրել` անփութորեն քանդելով հին զարդաքանդակները եւ դրանք օգտագործելով ջրահեռացման առվակի համար:
«Այդպես մի ասեք, չի կարելի այդպես գրել: Եկեղեցիների վրա տեղադրվող բոլոր զարդաքանդակները ստանում են եկեղեցիների վերականգնմանը եւ նորոգմանը շատ խիստ վերաբերվող գիտամեթոդական խորհրդի հավանությունը»,- NEWS.am-ի թղթակի հետ զրույցում հայտարարեց «Հաղարծինի վանական համալիրի վերականգնման եւ տարածքի բարեկարգման» ծրագրի տնօրեն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի աշխատակից Մերի Դանիելյանը:
Զարդաքանդակներով ջրահեռացման առվակ կառուցելու կապակցությամբ Դանիելյանը նշեց. «Այդ զարդաքանդակները արվել են անցած դարի 70-ականներին եւ շատ անհաջող են արվել: Դրանց փոխարեն վերականգնվել են հին փորագրազարդեր: Աշխատանքներն արդեն ավարտվել են: Մենք ունենք այն, ինչ ցանկանում էինք: Եկեղեցում պահպանված են հին ջահերը, սակայն լրացուցիչ տեղադրվել է ժամանակակից լուսավորություն»:
Դանիելյանի խոսքով, Հաղարծինի վանական համալիրի արխիվային լուսանկարները վկայում են, որ այժմ վերականգնվել են 70-ականներին չգտնված զարդաքանդակները. «Այժմ մենք գտել եւ տեղադրել ենք այդ երեք քարերը, որոնք 700-ամյա վաղեմության են»:
Իսկ 70-ականների զարդաքարերը շինանյութի փոխարեն օգտագործելը Դանիելյանը նորմալ է համարում. «Ես չգիտեմ, թե ինչ են արել, բայց այդ բեկորները ոչ մի բանի համար պիտանի չեն, քանի որ ընդամենը քարեր են, որոնց վրա 20-30 տարի առաջ փորագրություն է արվել»:
Սակայն Սուր Էջմիածնին մոտ կանգնած NEWS.am-ի աղբյուրը տեղեկացրեց, որ ժամանակակից ոճը, որով վերականգնման ժամանակ փոխվում են հին վանքերն ու եկեղեցիները Գերեգին Երկրորդի ցանկությունն է: Կաթողիկոսը ուղղակի սիրահարված է ժամանակակից արվեստին եւ նախապատվությունը տալիս է մոդեռն ոճին: Աղբյուրը չբացառեց, որ նույն ճակատագրին կարող են արժանանալ առաջիկայում վերականգնվելիք եւ վերանորոգվելիք մյուս վանքերն ու եկեղեցիները:
Քանդված եւ կիսաքանդ հոգեւոր կենտրոնների վերականգնման փոխարեն Սուրբ Էջմիածինն այժմ նորոգում է գործողները: Օրինակ` Երեւանի Սայաթ-Նովա եւ Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող եկեղեցին Գարեգին Երկրորդի որոշմամբ պետք է դառնար մոդեռն ոճով եկեղեցի, սակայն իրավիճակը փրկել է շինարարության ֆինանսավորող Հրայր Հովնանյանը, ով պնդել է եկեղեցու պատմական տեսքն ու ճարտարապետական ոճը պահպանելու վրա: Իսկ ընդհանուր միտումը չի արժանանում հոգեւորականների դժգոհությանը: Նրանք ավելի շատ զբաղված են աշխարհիկ կյանքին վերաբերող հարցերով:
Նշենք, որ Հաղարծինի վանական համալիրի վերականգնումն իրականացվում է Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ եւ բարերարների ֆինանսական աջակցությամբ:
Հիշեցնենք, որ 10-13-րդ դարերին կառուցված Հաղարծինի վանական համալիրը վերաբերում է Բագրատունիների դարաշրջանին եւ գտնվում է Դիլիջանից 18 կմ հեռավորության վրա: Վանական գլխավոր եկեղեցին` Սուրբ Աստվածածինը կառուցվել է 1281 թվականին: Այստեղ է գտնվում նաեւ Բագրատունիների թագավորական գերեզմանատունը: Պահպանվել են Սմբատ եւ Գագիկ արքաների տապանաքարերը: Ճարտարապետական նշանակություն ունի վանական հացատան շենքը: Հայտնի է նաեւ բակում կանգուն ընկուզենին, որի տարիքը գրեթե հավասար է վանքի տարիքին:
Քարաբեկորների լուսանկարները, արված 2009 թ. (վերականգնումը սկսվել է 2008-ին)
Ներքեւի լուսանկարում, որն արված է հիմա, այն քարերի միջեւ որ օգտագործվում են առվակի համար, կարելի է նկատել վերեւի լուսանկարում պատկերված քարին շատ նման մի քար։ Դյվար է պատկերացնել, որ վերուում պատկերված քարը տաշվել է ընդամենը 70-ական թվականներին։
Իսկ ահա նման քարեր վանքի պատին (այս եւ հաջորդ լուսանկարները արվել են 2011-ի հունիսին)
Ահա եւ վերոհիշյալ նոր ջահերը, հները չնկատեցինք...
Ժամանակակից ոճ՝ վանականների հանգստավայրը




























