Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 դիմում  է ստացել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Այս մասին այսօր` հունիսի 27-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Մինչև ընտրության օրը ԿԸՀ ստացվել է 85 դիմում, որոնցից կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ստացվել է 13 դիմում, պատգամավորի թեկնածուների կողմից ինքնաբացարկի վերաբերյալ 17 դիմում, հասարակական կազմակերպության կողմից 2 դիմում պարզաբանում ստանալու վերաբերյալ, ԱԺ պատգամավորների կողմից 2 դիմում, քաղաքաքացիների կողմից 48 դիմում, 2 դիմում ներկայացվել է քաղաքացի Արզաքանցյանի կողմից, ում որպես պատգամավորի թեկնածուի գրանցումն անվավեր էր ճանաչվել ընտրական հանձնաժողովի որոշմամբ, 1 դիմում հկ-ի կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով դիտորդներին համատարմագրելու վերաբերյալ, որը մերժվել էր ընտրական օրենսգրքի պահանջներին չբավարարելու հիմքով, պարզաբանում տալու 2 դիմումները բավարարվել են: Քվեարկության օրվանից մինչև քվեարկության արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ ժամը 18։00-ն տարածքային ընտրական հանձնաժողովներում ստացվել է 21 դիմում, ԿԸՀ՝ 18 դիմում»,- ասաց նա:

ԿԸՀ-ում ընդհանուր առմամբ ստացվել է 4 դիմում 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոնցից մեկը ներկայացված է եղել սահմանված ժամկետների խախտմամբ։ ԸՕ սահմանված ժամկետներում ներկայացված դիմումները ներկայացված են եղել «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից։