Բուժհաստատություններում վճարումները պետք է կատարվեն միայն դրամարկղում` համապատասխան կտրոնի տրամադրմամբ, պետք է բացառել բուժաշխատողների կողմից ցանկացած տիպի վճարի գանձումը: Այս մասին այսօր` հունիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով, ծննադատանը թույլատրվել է իրականացնել վճարումներ, որովհետեւ հիվանդներին այցելելու համար հիգենիայի պարագաներ են անհրաժեշտ, սակայն համապատասխան ժամեր են սահմանվել, երբ այցելություններն անվճար են: Այցելությունների համար առողջապահության նախարարության կողմից սահմանվել է առավելագույն գումար` 2000 դրամ:

NEWS.am-ի դիտարկմանը, որ հիվանդատեսի դեպքում երբեք դրամարկղին չեն վճարում, այլ բուժաշխատողին, Սուրեն Քրմոյանը նշեց, որ այդ հարցը խստորեն դրված է եւ այսուհետ հիվանդատեսի դեպքում պետք է վճարել դրամարկղ: «Ծննադատանն այցելությունը կրում է այլ բնույթ, դրա համար էլ վճարովի է, իսկ այլ բաժանմունքներում նման դեպք չկա»,- մեր հարցին ի պատասխան ասաց նա:

NEWS.am-ը հետաքրքրվեց նաեւ, թե ինչքան պետք է վճարի հիվանդատերը հիվանդանոցում նրա հետ գիշերելու համար. «Մենք արդեն խոսում ենք ոչ պարտադիր ծառայությունների մասին, հիվանդանոցը աշխատում է շուրջօրյա եւ հիվանդապահի առկայությունը պարտադիր չէ, տեղեր կա, որ այդ ծառայությունը ընդհանրապես վճարովի չէ, բայց կարող են նաեւ վճարովի լինել` կախված, թե այդ պալատում քանի մարդ է պառկած եւ այլն»,- նշեց նա:

Առողջապահության նախարարությունը փորձելու են կանոնակարգել եւ կայանատեղիների, եւ վերելակավարներին տրվող վճարումները, որպեսզի բացառվի: Արգելվելու է բուժհաստատություններում եւ հարակից տարածքում ալկոհոլային խմիչքի վաճառքը, մանկական սննդի գովազդը: Բուժհաստատությունների առաջին հարկում լինելու են տեղեկատվական ստենդերր, որտեղ քաղաքացին տեղեկանալու է, թե ինչն է անվճար եւ ինչը` վճարովի: