Առանց Ղարաբաղի մասնակցության ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները խորհրդատվական բնույթ են կրում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 30-ին հայտարարեց ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Նա նշեց, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի ամենակարեւոր հարցը ԼՂՀ կարգավիճակի լուծումն է, ինչից հետո միայն կարելի է խոսել մյուս հարցերի մասին:

Հարցին, թե որքանո՞վ են իրատեսական Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիայի սկսումը եւ որքանով կլինի այդ հարցում Թուրքիայի դերակատարությունը, բանախոսը նշեց. «ԽՍՀՄ  փլուզումից հետո` մինչեւ 1993 թվականը, Ադրբեջանն ստացավ շատ ավելի զինտեխնիկա, քան Հայաստանը, Վրաստանն ու Լեռնային Ղարաբաղը միասին վերցված: 1993 թվականի մարտերից առաջ Ադրբեջանի գերիշխանության տակ կար 458 տանկ, 1264 զրահամեքենա, 395 միավոր հրետանի, 63 հրթիռային կայան, 53 մարտական եւ 52 ուսումնական ինքնաթիռ եւ այլն: Այն դեպքում, երբ Հայաստանը ոչ մի ինքնաթիռ չուներ եւ ուներ նշված տեխնիկայից տասնապատիկ ավելի քիչ զինամթերք, բայց հաղթեց պատերազմում»:

Իսագուլյանը հավելեց նաեւ, որ երբ համեմատություն է արվում  Ադրբեջանի զինված ուժերի բարոյահոգեբանական եւ մարտական պատրաստության միջեւ, Հայաստանը ոչ մի բանով չի զիջում Ադրբեջանին: Իսկ այդ երկրի կողմից ռազմական բյուջեի ավելացման մասին հոխորտանքները դեռ ոչինչ չեն նշանակում, քանի որ, ինչպես արդեն ասվեց, պատերազմում հաղթում են բնավ ոչ միայն զենքով: Եւ եթե Ադրբեջանը դիմի ռազմական ագրեսիայի, ապա «լացելու է» նոր տարածքներ կորցնելու փաստից: