Այսօր` հուլիսի 2-ին առավոտյան ավտովթար է եղել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 7:50-ի սահմաններում Սեւանի հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժին հայտնել են, որ ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Դիլիջանի 34-ամյա բնակիչ Դիրվարդ Բադարյանը, Բերդ քաղաքի 26-ամյա բնակիչ Սոնա Ղազարյանը եւ Չարենցավանի 27-ամյա բնակիչ Կարեն Եսայանը:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը` Սեւանի բաժնի պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ պարզել է, որ ժամը 7:30-ի սահմաններում Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 59-րդ կմ-ում Վայոց ձորի Մալիշկա գյուղի բնակիչ, 25-ամյա Արտակ Շահբազյանը, վարելով «Ույուտ» տաքսի-ծառայությանը պատկանող ՎԱԶ-2107 մակնիշի Տ 5447 ավտոմեքենան, Երեւանից Իջեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, որի հետեւանքով նշված երեք անձինք տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ ոստիկանության Սեւանի քննչական բաժանմունքի քննիչ Վիգեն Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սեւանի բաժնի տուգանային հրապարակ:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



























