Հայաստանի Արդարադատության խորհուրդը հունիսի 24-ին դիմել է Հայաստանի նախագահին` Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:

Այս կապակցությամբ, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 01.06.2011թ. ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանի գրությունը:

Դատավոր Ս.Մնացականյանը 30.04.2010թ. որոշմամբ բավարարել է քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Ալբերտ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը: 30.05.2011թ. նույն դատավորը բավարարելով մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը, ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:

Ըստ Արդարադատության խորհրդի որոշման, դատավոր Ս.Մնացականյանն առանց պատճառաբանության անձի նկատմամբ կիրառել է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ եւ նրան ազատ արձակել:

Խստորեն դատապարտում ենք Արդարադատության խորհրդի նման գործելակերպը, որն ըստ էության արդեն իրականացնում է ինկվիզիտորի գործառույթներ:

Բացարձակապես համաձայն չլինելով Արդարադատության խորհրդի այն եզրահանգման հետ, որ դատավոր Ս.Մնացականյանը չի պատճառաբանել կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելը, արձանագրենք, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ եւ’ կալանավորումը, եւ’ գրավը կիրառվում են միեւնույն հիմքերի դեպքում, այն է` երբ վտանգ կա, որ հանցագործության կատարման մեջ մեղադրվողը կարող է դրսեւորել ոչ պատշաճ վարքագիծ գործի քննության ընթացքում եւ եթե կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացած լինեին, ապա այդ դեպքում բացարձակապես որեւէ խափանման միջոցի անհրաժեշտություն չէր լինի:

Ուշագրավ է այն փաստը, որ քրեական հետապնդման մարմինը` քննիչն ու դատախազը, չեն առարկել գրավի կիրառման դեմ, մինչդեռ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանը որոշումը կայացնելուց երկու օր անց, դրսեւորելով ակնհայտ շտապողականություն, գրությամբ դիմել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին` կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով, այն դեպքում, երբ բազմաթիվ անգամներ դատարանները մերժել են գրավի կիրառումը` ընդհանրապես որեւէ կերպ չպատճառաբանելով նման որոշումները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանը կամ Արդարադատության խորհուրդը երբեւէ չեն անդրադարձել նման որոշումներ կայացրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրին:

Հարց է առաջանում նաեւ, թե Վճռաբեկ դատարանի նախագահն օրենքով իրեն վերապահված որ լիազորությունն իրականացնելիս է երկու օր անց տեղեկացել դատարանի կայացրած որոշման մասին, թե դա արվել է ex parte շփումների միջոցով:

Այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները վերջերս սկսել են հաճախ խոսել որպես խափանման միջոց գերակշիռ դեպքերում ընտրվող կալանավորումը այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու, նույնիսկ այլընտրանքային խափանման միջոցների նոր տեսակներ սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ, Արդարադատության խորհրդի կողմից կայացված վերոհիշյալ որոշումն ըստ էության ոտնձգություն է դատական իշխանության եւ դատավորների անկախության նկատմամբ, միաժամանակ հանդիսանալով զսպող միջոց /chilling effect/` արդարացնելով հիմնականում խափանման միջոցներից ամենածանրը` կալանավորումը, կիրառելու արատավոր պրակտիկան եւ գրեթե իսպառ վերացնելով հետագայում դատավորների կողմից գրավի կիրառման հնարավորությունը:

Տարակուսանք է առաջացնում նաեւ այն փաստը, որ Արդարադատության խորհրդի որոշումը կայացվել է այնպիսի հանգամանքներում, երբ վիճահարույց դատական ակտը չի բողոքարկվել եւ չի բեկանվել, որն ինքնին բարձրացնում է դատական ակտերի վերջնական լինելու /res judicata/ հիմնարար սկզբունքի խախտման մասին հարց, որն էլ որպես այդպիսին կասկածի տակ է դնում Արդարադատության խորհրդի որոշման իրավաչափությունը:

Գտնում ենք, որ ոչ թե դատավոր Ս.Մնացականյանի կայացրած որոշումը չի ապահովում դատական իշխանության կայացրած որոշումների նկատմամբ հանրության վստահությունը` նսեմացնելով դատական իշխանության հեղինակությունը, ինչպես գտել են Կարգապահական հանձնաժողովն ու Արդարադատության խորհուրդը, այլեւ վերջին երկու մարմինների եւ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանի նման գործելակերպն են նսեմացնում դատական իշխանության հեղինակությունը` նվազեցնելով առանց այն էլ հանրության ցածր վստահությունը դատական ակտերի եւ ընդհանրապես դատական իշխանության նկատմամբ:

Հայտնելով մեր զորակցությունը ներկայիս պայմաններում քաղաքացիական արիություն դրսեւորող, ցավոք սրտի դեռեւս սակավաթիվ դատավորներին, կոչ ենք անում Հանրապետության Նախագահին մերժել դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի միջնորդությունը: Միաժամանակ գտնում ենք, որ պետք է վերանայվի ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանի, Արդարադատության խորհրդի վերոհիշյալ որոշումն ընդունած անդամներ Վ.Աբելյանի, Կ.Բաղդասարյանի, Ռ.Բարսեղյանի, Ա.Թումանյանի, Ա.Խաչատրյանի, Մ.Մակյանի, Ս.Օհանյանի, կարգապահական հանձնաժողովի անդամների հետագա պաշտոնավարության նպատակահարմարությունը»:

Հայտարարությունը ստորագրել են ՀՀ Փաստաբանների պալատի 16 փաստաբաններ: