Ըստ մասնագետների, Գյումրիում վերջին երկու տարում նախընտրում են մասնագիտություն ձեռք բերել հիմնականում միջին մասնագիտական ու արհեստագործական կրթական հաստատություններում: Իսկ երիտասարդներն ավելի շատ ընտրություն են կատարում` աշխատաշուկայի պահանջներին, ոչ թե սեփական ցանկություններին համապատասխան:
Ըստ ԲՈՒՀ-երի ռեկտորների, երիտասարդներն ընտրություն են կատարում ոչ թե ամենալավ, այլ ամենահարգի մասնագիտությունների միջեւ:
«Սակայն դա էլ քիչ դեպքերում է օգնում` ուսումն ավարտելուց հետո համապատասխան աշխատանք գտնելու հարցում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է բանասիրության հինգերորդ կուրսի ուսանող Սահակ Ենգիբարյանը: Ըստ նրա դժվար է աշխատանք գտնել անգամ բանասերի համար:
«Ես հիմա բանասեր եմ, ուզում եմ աշխատել, բայց ուր գնում եմ, աշխատանք չկա, ասում են գնա հեռավոր գյուղեր»,-դժգոհել է Սահակ Ենգիբարյանը: Նրա համակուրսեցի Վարդուհի Զոհրաբյանն սկսել է վարսահարդարման կուրսերի հաճախել: «Բոլորովին վատ չեմ զգում, կլինեմ բանասեր-վարսահարդար: Հասկանո՞ւմ եք, մեկը մյուսի հետ կապ չունի: Մեկը մասնագիտությունս է, մյուսը արհեստ է պարզապես: Հենց հիմա կարող եմ աշխատել էդ գծով»,-ասել է նա:
«Նշենք, որ վերջին 3 տարիների ընթացքում ամենից պահանջված աշխատանքների համար հարկավոր է ոչ թե մասնագիտական բարձրագույն կրթություն, այլ պարզապես արհեստի իմացություն: Դրանք են վարսահարդարումը, մատնահարդարումը, ոսկերչությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները: ԲՈՒՀ-ի մասնագիտությունները, ըստ Մանկավարժական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի` շատերին պետք են զուտ հեղինակության համար:
Աշխատանք են փնտրում նաեւ միջին տարիքի մարդիկ: Նրանց դեպքում խնդիրն ավելի բարդ է, քանի որ աշխատաշուկայում պահանջված միջին տարիքը 18-30-ն է, իսկ աշխատանք ունենալու դեպքում էլ`տրվող վարձատրությունը` քիչ:
«Ավարտել եմ մանկավարժական ինստիտուտի կենսաբանության բաժինը, կենսաբան մանկավարժի որակավորմամբ, աշխատել եմ իմ մասնագիտությամբ, սակայն ցածր աշխատավարձը ստիպել է հրաժարվել աշխատանքից, իսկ աշխատաշուկայում արդեն ես պահանջված մասնագետ չէի, ժամանակը երիտասարդ կադրեր է պահանջում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Ռայա Գեւորգյանը:
Աշխատանք փնտրելու որոնումները հանգեցրել են սեփական գործն սկսելու որոշմանը, որպեսզի փնտրելու փոխարեն, արդեն ինքն աշխատանք առաջարկի ուրիշներին: Այժմ զբաղվում է ցանցային մարքեթինգով, աշխատանք տալիս բոլոր ցանկացողներին, անկախ տարիքից, բայց համարում է, որ ժամանակին չի սխալվել մասնագիտության ընտրության հարցում, քանի որ ըստ նրա, ցանկացած դեպքում, բարձրագույն կրթություն ստանալն անհրաժեշտություն է: Աշխատաշուկան եւս պահանջում է բարձրագույն կրթություն, բայց դրան զուգահեռ, նաեւ երիտասարդ կադրեր:




























