Գյումրիի Բուլվարային թաղամասի բարձրահարկ շենքերի բնակիչները դժգոհում են, որ 12 հարկանի շենքերում վերելակ չկա: Այդ շենքերում վերելակ չի աշխատում սկսած 1988թ-ից: «Երկրաշարժից հետո կանգնած են, չեն աշխատում: Ինչքա՞ն կարելի է 12 հարկ ոտքով բարձրանալ եւ իջներ: Դա ուղղակի անհնար է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել է 12 հարկանի շենքերից մեկի 12-րդ հարկի բնակիչ Արզուման Ղուկասյանը:

Նրա խոսքով, շատ դժվար է բարձրանալ ու իջնել, հատկապես ջուր բարձրացնել: «Ջուր չկա, հատկապես այս սեզոնին, բերում ենք շենքի բակի ծորակից ու պատկերացնում եք`12 հարկ ջուր բարձրացնես, էլ էդ ջուրը կխմվի՞»,- նշել է Լամարա Սողոյանը:

Բնակիչներն այս խնդրով դիմել են քաղաքային, մարզային իշխանություններին, սակայն ոչ մի կերպ խնդիրը լուծում չի ստացել: «Եկել են տանիք են վերանորոգում, ասում են պետական ծրագիր է, բան չունեմ ասելու, դա էլ է անհրաժեշտ, ամառ-ձմեռ էս վթարային շենքերի վերին հարկերում կաթում է: Բայց վերելակ է պետք: Ասում ենք վարպետներին, ասում են փողը տանիքի համար է, համբերեք: Այ մարդ, ինչքա՞ն համբերենք, հլա դուք մեր տեղում համբերեք»,-շարունակում են բնակիչները:

Նշենք, որ Բուլվարային թաղամասերում նման շենքերի թիվն անցնում է մեկ տասնյակից: Բուլվարային թաղամասի բոլոր շենքերն էլ վթարային կարգավիճակ ունեն, գումարած շենքերում չկա ջուր, վերելակ ու կոմունալ հարմարություններ: