Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ հոկտեմբերի 15-ին կայցելի Ղազախստան, որտեղ ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների հետ կհետեւի «Փոխգործակցություն-2009» զորավարժություններին, որ տեղի են ունենալու «Մատիբուլակ» պոլիգոնում՝ Ալմաթիի մերձակայքում: Տարածաշրջանային կառավարման «Հարավ» միավորման եւ ՀԱՊԿ ԱԱՀՈՒ ուժերը ամփոփիչ մարզումներն են անցկացրել զորավարժություններից առաջ:

Վարժանքներին մասնակցում են ընդհանուր առմամբ 14 հազար զինվորական, 90 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, հարյուրավոր տանկեր: Վարժանքների սցենարը ռազմական փորձագետները մշակել են ՀԱՊԿ Արագ արձագանքման համատեղ ուժերի միացյալ շտաբում:

Ռեգիոնալ կառավարման «Հարավ» միավորման եւ ՀԱՊԿ ԱԱՀՈՒ զորամիավորումների համատեղ գործողությունների ծրագիրը ներկայացված է երեք դրվագներով: «Միավորումները մշակել են պայմանական հակառակորդի խմբավորման ներխուժման, դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարի, փրկարարական աշխատանքների եւ այլ գործողությունների ծրագիր»,- հայտնել են Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնից:
Երկօրյա աշխատանքային այցով Ղազախստան է ժամանել նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: