2010թ. մայիսի 15-ին, ժամը 19:00-ի սահմաններում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում իր անկողնում հանկարծամահ է եղել 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անցնող դատապարտյալ, 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը:
Հայաստանի քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիակի նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահվան հանգամանքները պարզելու ուղղութամբ տարվում է քննություն:
Դեպքի մասին իրազեկվել եւ իրականացվող աշխատանքներին մասնակցելու է հրավիրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը:
Նշենք, որ Համլետ Ստեփանյանն անձամբ չի մասնակցել 1998թ. հոկտեմբերի 27-ի սպանդին, երբ Նաիրի Հունանյանը մի խումբ ոճրագործների հետ սպանեց վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ մի շարք այլ պետական գործիչների:
Մի քանի տարի առաջ էլ տարօրինակ հանգամանքներում ինքնասպան էր եղել գործով մեկ այլ դատապարտյալ՝ Վռամ Գալստյանը:




























