Պետք է բռնել նրանց ձեռքը, ովքեր անորակ ու ցածրաճաշակ երաժշտություն են մատուցում հասարակությանը՝ երեկ հրավիրված ասուլիսում իրենց անհանգստությունը հայտնեցին եթերից հնչող երաժշտության մասին Երեւանի պետական կոնսերվատորիայի ազգային նվագարանների եւ հայ երգեցողության ամբիոնի վարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանն ու Ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Նորայր Դավթյանը։ Ն.Դավթյանն ասաց նաեւ, որ նման ցածրորակ երաժշտություն մատուցողներին հեռուստաընկերությունների ղեկավարները ողջունում ու սիրով եթեր են տրամադրում` այսպիսով նպաստելով դրանց քարոզչությանը։ Արզաս Ոսկանյանն էլ հավելեց, թե տարեկան ֆոլկլորի գծով կոնսերվատորիան ավարտում են երկու-երեք երաժշտագետ, ովքեր պետք է գնան ու հեռուստաընկերություններում աշխատեն որպես երաժշտական խմբագիր եւ մշակեն եթերի երաժշտական քաղաքականությունը։ Սակայն նման հաստիք, չգիտես ինչու, հեռուստաընկերությունները չունեն, այդ պատճառով էլ եթերը հեղեղված է անհասկանալի ու անճաշակ երաժշտական արտադրանքով։
Մինչդեռ խորհրդային տարիներին հեռուստառադիոպետկոմը երժշտական հաղորդումների խմբագրություն ուներ։ Նորայր Դավթյանը բողոքեց, թե իր ղեկավարած ազգային նվագախմբի տեսագրությունները շատ քիչ են եթեր հեռարձակվում, փոխարենը եթերից մեծ ակտիվությամբ քարոզվում է ռաբիզը։ «Եկեք միասին մտածենք, թե ինչպե՞ս անել, որպեսզի այդ ցածրորակ երաժշտությունը եթերից չհնչի, այլ հնչի իր տեղից։ Այս հարցում մեծ է հեռուստաընկերությունների դերը»։ «Ես 10 տարի է՝ խոսում եմ երաժշտական խմբագիրների մասին, սակայն մինչեւ այժմ սայլը տեղից չի շարժվում»,-հավելեց Ա. Ոսկանյանը` հույս ունենալով, որ իր մտահոգությունները վերջապես տեղ կհասնեն եւ եթերը «ֆիլտրացիայի կենթարկվի»։ «Մենք պետք է եղածը մաքրենք եւ պետք է հասնենք մեր նախնինների երաժշտական մտածողությանը, գոնե մինիմունի մակարդակի, որպեսզի մեր միջնադարյան երաժշտությունը չկորցնենք։ Եթե մեր հարեւանների խելքին հասներ, մեր հրաշալի երաժշտությունը կփախցնեին», ասել է նա։




























