Ես չեմ բացառում ամերիկյան բանկերի դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը։ Սակայն մենք այդ քայլին կգնանք միայն համապատասխան հետաքննությունից հետո։ Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն։
Նրա խոսքով, խորհրդարանական հետաքննությունը պետք է պարզի՝ Հունասատանի տարածքում գործող արտասահմանյան բանկերի գործունեության մեջ մեքենայություններ եւ խարդախություններ եղե՞լ են, թե ոչ։ Պապանդրեուն մեկ անգամ եւս շեշտել է, որ կառավարությունը կարող է վճարել պետության արտաքին պարտքերը։
Հունական իշխանությունների կարծիքով, որը կիսում է նաեւ հասարակության մի ստվար զանգված, երկրում տնտեսական ճգնաժամի խորացման գործում զգալի դեր են խաղացել ամերիկյան վարկային կազմակերպությունները։
Նշենք, որ Հունաստանն այժմ աննախադեպ ֆինանսական ճգնաժամ է ապրում։ Օգնության փաթեթի շրջանակներում մայիսի 12-ին այդ երկիրը Եվրամիությունից 5.5 մլրդ եվրոյի չափով վարկ է ստացել։




























