Թանգարանների միջազգային օրը ՝ մայիսի 18-ին, անցկացվելու է «Մշակութային ժառանգությունը հասանելի է բոլորին» խորագրով ակցիա։ Այն նպատակ ունի թանգարանները հասանելի դարձնել տարբեր խմբերի հաշմանդամների եւ հատկապես սակավաշարժ մարդկանց համար։ Վաղը Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, ազգային պատկերասրահն ու պատմության թանգարանը անվճար կհյուրընկալել հենաշարժական խնդիրներ ունեցող մարդկանց։ Նախաձեռնությանը միացել են նաեւ «Ունիսոն», «Հույսի կամուրջ» հկ-ները եւ «Փարոս» կամերային երգչախումբը։

Հայաստանում թանգարաններից շատերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող այցելությունների համար։ Կազմակերպիչները նշում են, որ այս ակցիան կնպաստի՝ հետագայում թանգարաններն ավելի մատչելի դարձնելու համար։

«Հաշմանդամների առաջ դռները բացելով՝ թանգարանները մեծացնում են նաեւ իրենց հեղինակությունը»,- մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հույսի կամուրջ» հկ-ի շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը։

«Մշակութային ժառանգությունը հասանելի է բոլորին» ակցիան իրականացվում է Մշակույթի եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների աջակցությամբ։