Կոնսերվատորիա ընդունվող դիմորդների շրջանում ժողովրդական գործիքներից մեծ հետաքրքրություն են վայելում հատկապես դուդուկը, քանոնն ու շվին՝ մայիսի 17-ին հրավիրված ասուլիսում հայտնել են Երեւանի պետական կոնսերվատորիայի ազգային նվագարանների եւ հայ երգեցողության ամբիոնի վարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանն ու Ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Նորայր Դավթյանը։ Պատճառը, ըստ Նորայր Դավթյանի, այն է, որ դուդուկ նվագելը եկամտաբեր է։ Բացի այդ էլ՝ համաշխարհային ճանաչում ունի, որում մեծ է եղել անհատների՝ հայտնի դուդուկահարներ Վաչե Հովսեփյանի, Ջիվան Գասպարյանի ավանդը։ Իսկ ժողովրդական մյուս գործիքի՝ քամանչայի քիչ ճանաչված լինելը պայմանավորված է որակյալ քամանչահարներ չունենալու խնդրով։ Քիչ են պրոպագանդվում նաեւ ուդը, թառը, հետեւապես այդ նվագարանների նկատմամբ հետաքրքրությունը եւս նվազ է։
Նկատենք, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների բաժնի ուսման վճարները բավական բարձր են՝ մոտ 600 հազար դրամ, իսկ այդ բաժինն ավարտողները 35 հազար դրամ աշխատավարձ են ստանում՝ աշխատելով պետական նվագախմբում։ Այս հանգամանքը եւս պատճառ է դառնում, որպեսզի նվազի հետաքրքրությունը ժողգործիքների նկատմամբ։ «Դուդուկ ու շվի նվագել սովորելն ավելի հեշտ է եւ իհարկե նաեւ շահագրգռող պահ կա, քանի որ փող են աշխատում այդ գործիքներով։ Ինչը չենք կարող ասել քամանչայի, ուդի մասին, որոնք կենցաղում կիրառելի չեն»,- ասաց Ն. Դավթյանը։ Վերջինս հավելեց նաեւ, որ լավ կլիներ, եթե ժողգործիքներ նվագողները կարողանային այնքան աշխատավարձ ստանալ, որպեսի կարողանային հոգալ իրենց կարիքներն ու ստիպված չլինեին այլ գործերով զբաղվել։



























