Իսպանական «Վալենսիա» ֆուտբոլային ակումբը ձեռք է բերել Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդու Կոշտային, ով Իսպանիա կտեղափոխվի գերմանական «Վոլֆսբուրգից»՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

Կենտրոնական պաշտպանը, ով իսպանական ակումբի հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել, դարձել է «Վալենսիայի» երկրորդ նորեկը՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Մի քանի օր առաջ Վալենսիա էր տեղափոխվել Թուրքիայի հավաքականի ու «Գալաթասարայի» կիսապաշտպան Մեհմեթ Թոփալը:

Կոշտան վերջին կես տարվա ընթացքում վարձավճարով հանդես էր գալիս ֆրանսիական «Լիլ»-ում: Նրա պայմանագիրը գերմանական թիմի հետ ավարտվում է այս ամռանը:

«Պորտու»-ի սանը «Վոլֆսբուրգում» անցկացրել է ավելի քան երկու տարի` դառնալով Գերմանիայի 2008/09թթ. առաջնության հաղթող: «Պորտու»-ի կազմում 29-ամյա պաշտպանը ժամանակին դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, ինչպես նաև չորս անգամ հռչակվել է Պորտուգալիայի չեմպիոն,հաղորդում է «Արմսպորտը»: