«Բարսելոնայի» պաշտոնատար անձինք հայտարարել են, որ «Արսենալի» ավագ Սեսկ Ֆաբրեգասը եւ «Վալենսիայի» հարձակվող Դավիդ Վիլյան ուզում են պայմանագիր կնքել Իսպանիայի նորընծա չեմպիոնի հետ: Նրանք նաեւ հաստատել են, որ այս պահին արվում է ամեն ինչ` այդ երկու ֆուտբոլիստներին կատալոնական ակումբի կազմ ընդգրկելու համար:

Ակումբի մարզական փոխնախագահ Ռաֆայել Յեստեն Ona FM ռադիոյին տված հարցազրույցում նշել է, որ Վիլյային ձեռք բերելու հարցը արդեն մոտ է դրական հանգուցալուծմանը, իսկ ահա Ֆաբրեգասի դեպքում կատալոնյան ակումբը սպասում է, թե երբ «Արսենալը» կնշի իսպանացի ֆուտբոլիստի նախնական արժեքը:

«Վիլյան մեկ ոտքով արդեն Կատալոնիայում է: „Արսենալը“ շուտով կհրապարակի Ֆաբրեգասի նախնական գինը, ինչը լոնդոնյան ակումբը դեռ չի արել: Սակայն ես հաստատ կարող եմ ասել, որ երկու ֆուտբոլիստներն էլ ուզում են խաղալ „Բարսելոնայում“, — խոստովանել է Յեստեն:

»Մեր թիմը «փազլ» խաղի նման է: Մենք չունենք ստույգ խաղացողներ գնելու նպատակներ, բայց ճիշտ է, որ փնտրում ենք խաղացողներ 3 դիրքերի համար: Մեզ համար շատ հաճելի է այն փաստը, որ Վիլյան եւ Ֆաբրեգասը ցանկություն են հայտնել խաղալ «Բարսելոնայում», — ասել է ակումբի գլխավոր տնօրեն Ժոան Օլիվերը: