Ռուսաստանի եւ Վրաստանի ցամաքային սահմանի «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետը մեծ տարողությամբ բեռնատար մեքենաների համար կբացվի հունիսի 1-ից: Ինչպես հաղորդում է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը, առայժմ թույլատրվում է միայն թեթեւ մարդատար մեքենաների անցումը, մինչեւ 30 հոգի տեղափոխող մեքենաների եւ մինչեւ 10 տոննա տարողությամբ բեռնատարների անցումը:
Նշենք, որ Վերին Լարսը հիմնական տարանցման կետն է, որի միջոցով իրականացվում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումները: Միակ պաշտոնական անցակետը չէր գործում երեք տարի: Այն փակվել էր ռուսական կողմի որոշմամբ, որը պատճառաբանել էր այն ժամանակակից չափորոշիչներով վերանորգելու անհրաժեշտությամբ: Անցակետը վերականգնել է իր աշխատանքը 2010թ. մարտի 1-ից, սակայն անցակետը դեռեւս կարողանում են հատել միայն փոքրածավալ մեքենաները:



























