Հոկտեմբերի 15-ին ոստիկանները բերման են ենթարկել «Ժառանգություն» կուսակցության երկու ակտիվիստների՝ Երեւանի պետական համալսարանում հայ-թուրքական արձանագրությունների դեմ թռուցիկներ բաժանելու համար:
«Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ բերման են ենթարկվել «ժառանգություն» կուսակցության երիտթեւի ղեկավար Դանիել Իոանեսյանն ու եւս մեկ երիտասարդ: Խուրշուդյանը, որը գտնվում էր ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունքում, հայտնեց, որ երիտասարդներին բերման է ենթարկել ԵՊՀ պահակային ծառայությունը, իսկ ոստիկանությունում «Ժառանգության» ակտիվիստներին ասել են, թե «նրանք հակապետական գործունեություն են ծավալում»: Մինչդեռ, ըստ Խուրշուդյանի՝ թռուցիկում հատվածներ էին Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հայ ժողովրդին հղած կոչից եւ հայ-թուրքական արձանագրությունների ամենավտանգավոր դրույթների պարզաբանումները:
Հովսեփ Խուրշուդյանը նաեւ հայտնեց, որ ոստիկանության հետ բանակցություններից հետո երիտասարդներին համաձայնել են ազատ արձակել:




























