Շոտլանդիայի Էյրշիր քաղաքում պատմական ամրոցի ավերակներում մի քանի հարյուր կիլոգրամ կոկաին է հայտնաբերվել: Թմրավաճառը, որը ենթադրաբար մասնակից է թմրանյութերի խմբաքանակը թաքցնելուն, ձերբակալվել է, գրում է Lenta-ն՝ հղում անելով Daily Record-ին:

Կոկաինը հայտնաբերել է տեղի բնակիչներից մեկը՝ ամրոցի տարածքում աղբը հավաքելիս:

Թմրանյութի հայտնաբերման վայրում գտել են նաեւ կասկածյալի մատնահետքերը եւ ԴՆԹ-ն: Հետաքննությունը ցույց է տվել, որ խոսքը 30-ամյա Էնթոնի Սավինի մասին է: Նա ձերբակալվել է: Ավելի վաղ Սավինը ազատազրկման է դատապարտվել թմրանյութեր պահելու եւ իրացնելու մեղադրանքով:

Ինքը՝ տղամարդը, պնդում է, որ օգնել է այլ հանցագործներին թաքցնել կոկաինը: Նրա խոսքով՝ խմբաքանակը չորս տարի առաջ է թաքցվել ամրոցի ավերակների մեջ:

Սեպտեմբերի վերջին Հարավային Ամերիկայից թռչող թեթեւ շարժիչով Cessna ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Դոմինիկյան Հանրապետությունում, դրա մեջ 275 կիլոգրամ կոկաին էր եղել: Դոմինիկյան Հանրապետության օդային տարածք մտնելուց հետո օդանավին հետապնդել են Super Tucanos ինքնաթիռներով, օդաչուն արտակարգ վայրէջք է կատարել: