Իսպանիայի իշխանությունները մտադիր են երիտասարդներին ամսական 250 եվրո առաջարկել, որպեսզի խրախուսեն նրանց հեռանալ ծնողական տնից եւ բնակարան վարձել: Իսպանիայի նախագահ Պեդրո Սանչեսն այդ առաջարկության մասին հայտարարել է 2022 թվականի պետական բյուջեի շրջանակներում, հաղորդում է CNBC-ը:

18-35 տարեկան մարդիկ, ովքեր տարեկան վաստակում են 23 725 եվրոյից պակաս, իրավունք կունենան վարձակալության հավելավճար ստանալ, եթե բյուջեի առաջարկը հաստատվի խորհրդարանի կողմից: Բացի այդ, ամենախոցելի ընտանիքներին կարող են առաջարկվել լրացուցիչ սուբսիդիաներ, որոնք կծածկեն նրանց վարձակալության վճարի մինչեւ 40%-ը:

«Մենք խոսում ենք տնտեսության արդար վերականգնման մասին, ինչը նշանակում է բնակարանի ավելի հեշտ ձեռքբերում, հատկապես նրանց համար, ովքեր առավել խոցելի են, ինչպես օրինակ՝ մեր երիտասարդությունը»,- ասել է Սանչեսը:

Eurostat-ի 2020 թվականի տվյալները ցույց են տվել, որ Իսպանիայում երիտասարդները լքում են ծնողների տունը միջինը մոտ 30 տարեկան հասակում, չորս տարի ուշ, քան ամբողջ Եվրոպական միությունում:

Ըստ Eurostat-ի հրապարակած տվյալների՝ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկ սենյականոց բնակարան վարձելը 2020 թվականին արժեցել է ամսական մոտ 1000 եվրո: Առանձին տվյալներ ցույց են տվել, որ Իսպանիայում միայնակ, երեխա չունեցող մարդը նախորդ տարի վաստակել է մոտ 21 241 եվրո, ինչը մի փոքր ցածր է ԵՄ միջին՝ 24 005 եվրո ցուցանիշից: