«2010 թվականին լրանում է Ռուսաստանի հայերի միության 10-ամյակը, որի կապակցությամբ շուտով դուրս կգա „Տասը տարվա մեր անցած ճանաապարհը“ գիրքը»- այս մասին այսօր ընդունելությունների տանը հայտարարեց Ռուսաստանի հայերի միության (ՔՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը։

Նրա հավաստմամբ՝ ՌՀՄ-ի հիմնական նպատակը Ռուսաստանում հայերի ավանդույթների եւ հայոց լեզվի պահպանումն է, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի հայության միջեւ կապի ամրապնդումը։

«ՌՀՄ-ն Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների մեջ առաջնորդ է հանդիսանում։ Մեր կազմակերպությունը այսօր Ռուսաստանում կայացել է։ 10 տարին բավական է, որ մենք ամուր կանգնենք մեր ոտքերի վրա եւ կարողանանք այնպիսի հարցեր լուծել, ինչպիսին են Ազգային խորհուրդ ստեղծելը, ՌԴ օրենսդիր մարմիններում առաջարկություններ անելը»,-ընդգծեց Ա. Աբրահամյանը, հավելելով, որ այսօր Ռուսաստանում կա 400-ից ավել կիրակնօրյա դպրոց, կառուցվում են եկեղեցիներ, ինչը ցույց է տալիս, որ հայերը Ռուսաստանում կարողանում են գտնել իրենց ուրույն տեղը, ստեղծել այնպիսի միջավայր, որ կերտեն հայի կերպարը։

Անդրադառնալով ՌՀՄ 10-ամյակին, նա նշեց. «10-ամյակի կապակցությամբ հայտարարել ենք բոլոր բնագավառների մրցույթներ՝ երիտասարդություն, կրթություն, դուդուկային երաժշտության, լրատվության, լավ հաղորդումների։ Ծրագրեր ունենք այցելելու մանկատներ, ծերանոցներ, հաշմանդամների տներ։ Հատուկ ծրագիր է մշակվում նաեւ բանակի համար»,-ամփոփեց Ա. Աբրահամյանը: Նշենք, որր ՌՀՄ 10-ամյակը տեւելու է ամբողջ տարի՝ սկսած հունվարի 1-ից մինչեւ նոյեմբեր։ Այն ավարտվելու է Կրեմլի մեծ դահլիճում, որտեղ մրցույթի մասնակիցները կպարգեւատրվեն։ Միջոցառմանը ներկա են գտնվելու նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները։