Հայաստանի խորհրդարանը պետք է օրենք ընդունի, որով կարգելի հայաստանյան պաշտոնյաներին մասնակցել ցանկացած այնպիսի քննարկման, որտեղ կարող է ցեղասպանության հարցը կասկածի տակ դրվել: Այդ մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Վերջինս հիշեցրել է, որ Թուրքիայի քրեական օրեսնգրքում կա համապատասխան կետ, որով որեւէ թուրք չի կարող ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, առավել եւս՝ ստեղծվելիք պատմական ենթահանձնաժողովում: Եւ, ըստ, Շահնազարյանի, Հայաստանը նույնպես պետք է նման օրենք ընդունի՝ դրանով ապացուցելով, որ ստեղծվելիք ենթահանձնաժողովը չի կարող զբաղվել Հայոց ցեղասպանության հարցերի քննարկմամբ: Շահնազարյանը նաեւ հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե հանձնաժողովը ցեղասպանության հարցերով չի զբաղվելու:
Ի դեպ, Դավիթ Շահնազարյանն իր հետ բերել էր այդ օրենքի նախագիծը, որն էլ լրագրողների միջոցով ցանկացավ փոխանցել Հայաստանի խորհրդարանին:




























