Իշխանությունը տարբեր հայտարարություններով, փորձում է ամեն կերպ էժանացնել ընդդիմության հետ երկխոսության գաղափարը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը, անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե իրենք պատրաստ են երկխոսություն ծավալել ընդդիմության հետ ցանկացած ձեւաչափով, թեկուզ երկխոսության ակումբում, «Օջախ» ռեստորանում եւ անգամ վերջերս բացված Սեւանի անվճար լողափին: Փորձագետի խոսքով, սա  եւս երկխոսության փաստն էժանացնելու նույն այդ շարքից է։

«ՀՀԿ փոխնախագահի նման հայտարարությունը նպատակ ունի ցույց տալ, որ ընդդիմութան հետ բանակցությունների որեւէ առիթ չկա։ Գալուստ Սահակյանի հայտարարությունը շարունակությունն է իշխանությունների՝ մինչ այժմ դրսեւորած պահվածքի»,- նկատեց փորձագետը՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայ ազգային կոնգրեսը չպետք է թույլ տար, որ իշխանություններն իր հետ նման ոճով խոսեին։

«Դե եթե ասում են ավազակապետեր են, ուրեմն պետք է համապատասխան ձեւով էլ հասկանան, որ նման ռեժիմի հետ խոսելու ձեւեր կան»,- բացատրեց նա։

Հարցին, թե Գալուստ Սահակյանի վերոնշյալ հայտարարության ֆոնին կողմերից ո՞ր մեկն է հայտնվել առավել շահեկան դիրքերում, փորձագետը նկատեց. «Չեմ կարծում, որ իշխանությունների վիճակը Հայաստանում շատ ճոխ է ու լավ, սակայն միայն փաստը, որ իշխանությունը իշխանություն է, արդեն իսկ շահեկան դիրքերում է»։

Ամփոփելով՝ ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը անդրադարձավ նաեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այն մտքին, ըստ որի ՀԱԿ-ը «կազմաքանդում» բառն այնքան օգտագործեց, մինչեւ իրենց գլխին եկավ։ «Չեմ կարծում, որ ՀԱԿ-ի ներսում կազմաքանդման գործընթացներ են սկսվել, դա ուղղակի  երազ է»,- նկատեց փորձագետը։