«Բազե» համահայկական երիտասարդական փառատոնը կանցկացնի նոր ձեւաչափով։ NEWS.am-ին այս մասին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից։

Փառատոնը կիրականացվի երկու փուլով՝ «Բազե» ճամբար, որը տեղի կունենա հուլիսի 22-31-ին Բյուրականում, եւ «Բազե» համահայկական երիտասարդական հավաք, որը կանցկացվի օգոստոսի 20-24-ը Ծաղկաձորում։

«Բազե» ճամբարի շրջանակներում Հայաստանի 10 մարզերից եւ Երեւանի 12 վարչական շրջաններից 18-30 տարեկան մոտ 660 երիտասարդներ կապրեն վրանային պայմաններում, կմասնակցեն մարզամշակութային միջոցառումների եւ արշավի։ «Բազե» ճամբարը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կիրականացնի «Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Օգոստոսի 20-ին կմեկնարկի երկրորդ փուլը՝ «Բազե» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցի մոտ 300 երիտասարդ: Հավաքի ընթացքում Հայաստանի, Արցախի, Ջավախքի եւ սփյուռքի 18-30 տարեկան երիտասարդներ, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաեւ կունենան հանդիպումներ ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։

Հավաքին կմասնակցեն բուհերը, ազգային փոքրամասնությունները, Գեւորգյան հոգեւոր ճեմարանը, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ներկայացնող ջոկատներ։ Ձեւավորվելու է նաեւ հաշմանդամների ջոկատ:

Փառատոնը կեզրափակվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կայանալիք գալա համերգով։